Բոստթոնում մարաթոնի ընթացքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածների թիվը կտրուկ աճել է: Տեղական առողջապահական հանձնաժողովի նորացված տեղեկությունների համաձայն` այն հասել է 282-ի, հայտնում է The Boston Globe-ը:
Զոհերի թիվն անփոփոխ է մնացել` մահացածները երեք հոգի են` 23-ամյա Չինաստանի քաղաքացուհին եւ երկու ամերիկացիներ` 29-ամյա կին եւ 8-ամյա մի տղա:
Մինչ այս պահը հայտնի էր 180 վիրավորների մասին: Ընդ որում, կենդանի մնացած ահաբեկիչ Ջոհար Ցառնայեւին նախօրեին ներկայացված մեղադրանքում նշվում է ավելի քան 200 տուժածների մասին:
Հանձնաժողովից հայտնում են, որ շատերը բժշկի են դիմել ահաբեկչությունից միայն մի քանի օր հետո: «Տիպիկ խնդիրներից մեկը լսողության վատթարացումն է: Մարդիկ սկզբում մտածում էին, որ լսողությունը ժամանակավորապես է վատթարացել»,-ասել է հանձնաժողովի ներկայացուցիչ Նիկ Մարթինը: Այդպիսի մարդիկ դիմել են բժիշկների միայն այն բանից հետո, երբ լսողության մասնակի կորուստն ու ականջների մեջ եղած աղմուկը տեւական ժամանակ հետո չեն անցել: Մյուսները սկզբում նշանակություն չեն տվել շրապնելից ստացած թեթեւ վնասվածքներին:
Ապրիլի 22-ի երեկոյան ունեցած տվյալների համաձայն` հիվանդանոցում 48 տուժած է մնացել` երկուսը ծայրահեղ վիճակում: Հիվանդներն են` զոհված երեխայի 7-ամյա քույրը եւ 60-ամյա մի տղամարդ, հայտնում է NEWSru.com-ը:
Շատերին դեռ երկար բուժում է սպասում, ինչպես նաեւ լուրջ հոգեբանական օգնություն: Հատկապես նրանց, ովքեր զրկվել են վերջույթներից, անհրաժեշտ է եղել հեռացնել 14 հիվանդերի վերջույթներ:




























