Այսօր ժամը 9,30-ի սահմաններում Հրազդանի ՋԷԿ-ում մահացու ելքով նոր արտակարգ պատահար է գրանցվել: Վերականգնողական աշխատանքների կատարման ժամանակ մահացել է էլեկտրիկը, որն աշխատում էր բաց պահեստում: Նախնական տվյալներով, նա դիպել է բարձր լարման տակ գտնվող հաղորդալարին:

Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին Հրազդանի ՋԷԿ-ում զոհվել էր կռունկավար, 49-ամյա Ռաֆիկ Ամյանը: Հետաքննությունը դեռ չի ավարտվել, բայց NEWS.am-ի թղթակցին հայտնի են դարձել դեպքի որոշ մանրամասներ: Մասնավորպես, կռունկը կանգնեցված է եղել կանգառից դուրս՝ առանց անվտանգության կանոնների պահպանման: Ականատեսների վկայությամբ, կռունկավարը դուրս է եկել իր խցիկից եւ շարժվել ռելսերով: Նա սայթաքել եւ ընկել է անցքը: Կռունակավարի հագին չեն եղել նաեւ հատուկ ռետինե ճտքակոշիկներ, որոնք նախատեսված են ըստ անվտանգության կանոնների, այլ հին կոշիկներ: Դեպքի առիթով քրեական գործ չի հարուցվել, մահացու դեպքը որակել են որպես «դժբախտ պատահար»:

«Հրազդանի էներգետիկ ընկերություն» (Հրազդանի ՋԷԿ, Հայաստան) ԲԲԸ-ի բաժնետոմսերի ողջ փաթեթը պատկանում է ռուսական «Ռոսնեֆտեգազ» ընկերությանը: Այդ փաթեթը հանձնվել է «Ռոսնեֆտեգազի» կապիտալին՝ որպես լրացուցիչ էմիսիայի փոխհատուցում ՝ գազային ոլորտի եւս 78 ընկերություններում պետական բաժնեմասի հետ միասին:

Հրազդանի ՋԷԿ-ը (4 գործող բլոկներով) 2002թ. որպես սեփականություն փոխանցվել է Ռուսաստանին՝ պետական պարտքից 31 միլիոն դոլարի մարման դիմաց: 5-րդ՝ կառուցվող էներգաբլոկը, պատկանում է «Հայռուսգազարդին», որն այդ բլոկը ձեռք է բերել 2006թ. ապրիլին «Գազպրոմի» եւ Հայաստանի միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում: