Կնեսետը չի կարող անտեսել հայ ժողովրդի ցեղասպանության փաստը: Այս մասին այսօր` ապրիլի 23-ին Իսրայելի Կնեսետի նիստի ժամանակ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարել է Կնեսետի անդամ Ռեուվեն Ռիվլինը:
Ինչպես հայտնում է «Arutz Sheva»-ն, Ռեուվեն Ռիվլինը մասնավորապես նշել է. «Թուրքիան մեր դաշնակիցն է: Մեր կարծիքներն ընդհանուր կողմեր ունեն, բայց Կնեսեթը չի կարող անտեսել հայ ժողովրդի ցեղասպանության փաստը: Ցեղասպանության փորձի մեր սեփական պատմությամբ, բախվելով մեր թշնամիների՝ Հոլոքոտի փաստն անամոթաբար ժխտելու հետ, կարծում եմ՝ մենք պետք է ընդունենք Հայոց այդ ողբերգական ցեղասպանության փաստը»:
Համաձայն «Ynetnews»-ի, Կնեսետի մեկ այլ` «Մերեց» կուսակցության անդամ Զահավա Գալյոնը հայտարարել է. «Ժամանակն է, որ մնացած 27 երկրների նման Իսրայելն էլ ընդունի Հայոց ցեղասպանությունը»: Նա ավելացրել է, որ Թուրքիայի հետ հաշտության ուղղությամբ բանակցությունները չեն կարող Ցեղասպանությունը ժխտելու պատճառ լինել: «Թուրքիայի հետ հաշտությունը կարեւոր եւ ռազմավարական քայլ է, բայց դա պետք է չազդի ճանաչման վրա»,- ընդգծել է Զահավա Գալյոնը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Իսրայելի Կնեսետում այսօր` ապրիլի 23-ին, նախատեսված է եղել նիստ՝ Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ։




























