Չինացի կինը վախճանվել է Քենիայում՝ գետաձիու հարձակման հետեւանքով։ Ստացված վնասվածքներից նա մահացել է հիվանդանոցում։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 21-ի երեկոյան, Քենիայի մայրաքաղաք Նայրոբիից 90 կմ հեռու։ Զբոսաշրջիկների խումբն ուղեւորվել է Նայվաշա լիճ։ Ռեստորանից հյուրանոց ճանապարհին կնոջ վրա գետաձի է հարձակվել, հաղորդում է «Տրուդը»:
Կնոջը հիվանդանոց են տեղափոխել, սակայն նա մահացել է արյան կորստի հետեւանքով։ Նա Քենիա էր եկել Շանհայից։ Քենիայում ՉԺՀ դեսպանատունը կապվել է մահացած կնոջ հարազատների հետ, ովքեր շուտով պետք է Քենիա ժամանեն։
Գետաձիու պահվածքն աչքի է ընկնում ընդգծված ագրեսիայով։ Գետաձիու՝ մարդկանց վրա հարձակվելու դեպքեր բավականին հաճախ են պատահում։ Ըստ առկա տվյալների, գետաձին Աֆրիկայի ամենավտանգավոր կենդանին է. նրա հարձակումներից ավելի շատ մարդ է զոհվում, քան առյուծների, վայրի ցլերի կամ ընձառյուծների հարձակումներից։




























