Apple ընկերության շահույթը 2013 թվականի առաջին եռամսյակի վերջի (մարտի 30) տվյալներով, ընկել է շուրջ 18 տոկոսով՝ հասնելով 9,55 մլրդ դոլարի՝ 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Նման բան առաջին անգամ է գրանցվում վերջին 10 տարիների ընթացքում:
Այդուհանդերձ, զեկույցից պարզ է դառնում, որ ընկերության ընդհանուր եկամուտն ավելացել է 11 տոկոսով եւ կազմել 43,6 մլրդ դոլար: Եռամսյակային շահաբաժնի չափն աճել է 15 տոկոսով՝ մեկ բաժնետոմսի գինն աճել է 3,05 դոլարով:
Ընդհանուր առմամբ, 2013 թվականի առաջին եռամսյակում ընկերությունն իրացրել է 37,4 մլն սմարթֆոն եւ 19,5 մլն պլանշետ, հաղորդում է BFM.RU-ն:
Նախորդ տարվա սեպտեմբերին Apple-ի բաժնետոմսերի արժեքը NASDAQ բորսայում կազմել է ռեկորդային 700 դոլար: Բայց այդ ժամանակից ի վեր նկատվում է բաժնետոմսերի արժեքի կտրուկ անկում, որը շարունակվում է մինչ օրս: Ապրիլի 18-ին ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը 400 դոլարից ցածր է եղել: Ապրիլի 23-ին բորսայի փակվելու պահին մեկ բաժնետոմսի արժեքը եղել է 406 դոլար:



























