«Նախօրեին տեղի ունեցած երթից հետո ձերբակալված ՀԱԿ ակտիվիստները թեպետ ազատ են արձակվել, սակայն նրանց դեմ գործեր են հարուցվել»,- փետրվարի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը։
Նրա խոսքով, տպավորությունն այնպիսին է, որ իշխանությունները շարունակում են ակտիվիստների հանդեպ հալածանքներն ու հետապնդումները։ «Բայց ոչինչ, մենք այդ հալածանքների հանդեպ իմունիտետ ենք ձեռք բերել, եւ մեր գաղափարների իրականացման համար պատրաստ ենք անգամ բանտեր նստել. նման արարքներով մեզ անհնար է վախեցնել»,- ամփոփեց նա։
Հիշեցնենք, որ ոստիկանությունը փետրվարի 19-ին բռնություն էր գործադրել ՀԱԿ-ի կազմակերպած ամենաշաբաթյա երթի մասնակիցների նկատմամբ եւ մի խումբ երիտասարդների բերման ենթարկել ոստիկանության բաժին: Երկու երիտասարդի՝ Սարգիս Խաչատրյանին եւ Տիգրան Առաքելյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց:




























