Ամերիկյան լրատվամիջոցները նոր հերոս ունեն. Նա Ուոթերթաունի այն բնակիչն է, ով ականատես է եղել Ցարնաեւ եղբայրներին ձերբակալելու ժամանակ իր տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգությանը: Երբ ապրիլի 18-ի վաղ առավոտյան Բոսթոնի այդ թաղամասում Ջոհար եւ Թամերլան Ցարնաեւ եղբայրները բախվել են ոստիկանության հետ, Էնդրյու Կիցենբերգը դարձել է այդ ողբերգական իրադարձության ոչ պաշտոնական լուսանկարիչը: Նա իր ննջասենյակի պատուհանից iPhone-ի միջոցով լուսանկարել է կատարվածը եւ նկարները տեղադրել Twitter-ում:
Նրանցից շատերը գիշերային ժամանակ լուսանկարած լինելու պատճառով բավականին անհասկանալի են եւ առանց հատուկ պարզեցումների որոշակի իրեր դժվար է տարբերել:
«Ես համակարգչի մոտ աշխատում էի, երբ դրսից բազմաթիվ կրակոցներ լսվեցին: Դուրս նայելով պատուհանից` ես տեսա երկու անձնավորությունների (Ցարնաեւ եղբայրներին), ովքեր մեքենայի հետեւում թաքնված կրակում էին: Ես ցնցվեցի` միաժամանակ ինձ մոտ մեծ էր հետաքրքրասիրությունն ու ադրենալինի մակարդակը»,- խոստովանել է պատմողը:
Կանաչ սեդանի մեջ (Honda Civic, որը պատկանում էր Թամերլան Ցարնաեւին) եղբայրները երեւի բազմաթիվ զենք եւ զինամթերք ունեին, քանի որ անընդհատ մեքենայի հետեւի բաց դռնից նրանք ինչ-որ բան էին վերցնում: Երբ Ցարնաեւները պայթեցրին ռումբը, ահեղ ձայն լսվեց եւ վիթխարի ծխի ամպ առաջացավ: Այդ ծխի մեջ Կիցենբերգը տեսել է, թե ինչպես է Թամերլանը կրակելով նետվում դեպի ոստիկանները: Նրանցից մոտ 10-12 կմ հեռավորության վրա, Ցարնաեւ հայտնվել է գետնի վրա: Այդ ժամանակ, երկրորդ եղբայրը նստել է մեքենան (սեւ Mrecedes, որը գողացված է եղել), դուրս է եկել ոստիականական շրջափակումից եւ սկսել ընթանալ փողոցով:
Էնդրյուն եւ նրա հարեւանը պատին եւ բազմոցի փամփուշտի հետքեր են հայտնաբերել: Իսկ որոշ ժամանակ անց այդ թաղամասում բոլորին տարհանել են եւ ականատեսն ու նրա հարեւանը տագնապալի օր են անցկացրել հարեւան թաղամասում:
Ընդ որում, ինչպես գրում է NEWSru.com-ը, թեեւ կրտսեր Ցարնաեւին արդեն սկսել են հարցաքննել, դեռ չի պարզվել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տարածքում ոստիկանի սպանության հանգամանքները: Տարբերակներից մեկն այն է, որ նրանց, ըստ երեւույթին, զենք է պետք եղել եւ դրա համար էլ նրանք սառնասրտորեն սպանել են ոստիկանին:




























