Ֆրանսիայի խորհրդարանի կողմից նույնասեռ ամուսնությունների ընդունումը Femen-ի կիսամերկ ակտիվիստուհիները նշել են յուրօրինակ կերպով, նրանք ջուր են լցրել Բելգիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Անդրե-Մյուտեն Լեոնարդի վրա:
«Արքեպիսկոպոս Լեոնարդը հարձակման է ենթարկվել ատելության եւ կրոնական ֆանատիզմի հրապարակային քարոզի հերթական սեանսի ժամանակ, Բելգիայի գլխավոր ուսումնական հաստատություններից մեկում: Հանկարծակի կերպով դահլիճ ներխուժած «սեքստրեմիստուհիները» ջուր են լցրել ահաբեկված եւ հանկարծակիի եկած «սրբի» վրա»,- ասվում է Femen-ի կայքում:
Ակտիվիստուհիներն իրենց հարձակման համար սուրբ ջուր են օգտագործել: Դատելով լուսանկարներից` Անդրե-Մյուտեն Լեոնարդը դիմադրություն ցույց չի տվել եւ աղոթել է, գրում է NEWSru.com-ը:
Արքեպիսկոպոս Լեոնարդը հայտնի է իր պահպանողական հայացքներով` նույնասեռականության, նույնասեռ ամուսնությունների, էվթանազիայի, աբորտների եւ կոնտրացեպցիայի հարցերում:






























