Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին այսօր՝ փետրվարի 23-ին հրավիրել են ոստիկանություն՝ բացատրություններ տալու:

«Հրավիրյալներից» Տիգրան Առաքելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ոստիկանության քննչական բաժինը ծանուցագիր է ուղարկել 6 ակտիվիստների, սակայն ծանուցագիրը եղել է ոչ պատշաճ կազմված, եւ նշված չի եղել, թե իրենց ինչ կարգավիճակում են հրավիրում ոստիկանություն:

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Հայ ազգային կոնգրեսի հերթական երթի ժամանակ ոստիկանությունը բռնություն էր գործադրել ցուցարարների նկատմամբ, իսկ վեց հոգու՝ 1992թ. ծնված Սարգիս Գեւորգյանին, 1988թ. ծնված Սերգեյ Գասպարյանին, 1991թ. ծնված Վահագն Գեւորգյանին, 1987թ. ծնված Արեգ Գեւորգյանին, 1981թ. ծնված Տիգրան Առաքելյանին եւ 1987թ. ծնված Վարագ Նահապետյանին բերման էին ենթարկել Կենտրոնի ոստիկանատուն: Երիտասարդները հայտնել էին, որ իրենց նկատմամբ բռնություններ եւ ապօրինություններ են կատարվել, եւ Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը խոստացել էր հետաքննություն անցկացնել եւ պատժել մեղավորներին:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, կասկածներ կան, որ ոստիկանների փոխարեն հենց տուժած երիտասարդների նկատմամբ է քր.գործ հարուցվելու: