Ուկրաինայի հայկական բոլոր համայնքներում, հայկական եկեղեցիներում ու ժամերում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել։ Կայացել են կլոր սեղաններ, հիշատակի երեկոներ, փաստագրական ֆիլմերի ցուցադրումներ, հուշարձանների մոտ ծաղիկներ են դրվել եւ այլն:

Ամենազանգվածային ակցիաները եղել են Կիեւում։ Սգո արարողություններ են տեղի ունեցել Պոդոլի Պոկրովյան եկեղեցու բակում, որտեղ XIV դարում հայկական եկեղեցի է եղել, ինչպես նաեւ Մայր տաճար կառուցելու համար մայրաքաղաքային իշխանությունների՝ Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմին հատկացված տարածքում գտնվող ժամում։ Պատարագը մատուցել են ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանն ու Կիեւի Հայ Առաքելական եկեղեցու վանահայր Տեր-Հովհաննես Շահնազարյանը։

Ինչպես Analitika.at.ua-ին ասել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, «Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի եւ մեր սերնդի պարտքն է մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի մեր ազգի դեմ արված հանցագործությունները համապատասխան գնահատական ստանան։ Հայ ժողովուրդը չի մոռանա անցյալ դարի սարսափելի իրադարձությունները, զոհերի հիշատակը միշտ կապրի ապագա սերունդների սրտերում»։

Մայրաքաղաքային միջոցառումներին մասնակցել են Կիեւի հայ համայնքի ներկայացուցիչներ, Ուկրաինայում Հայաստանի դեսպանության աշխատակիցներ, Ուկրաինայի հայկական սփյուռքի հայտնի ներկայացուցիչներ։