ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հետաքրքրություն է ցուցաբերել ռուս-վրացական հարաբերությունների բարելավմամբ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին,  լրագրողներին հայտարարել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեն՝ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո:

«ԱՄՆ պետքարտուղարը հետաքրքրված է ռուս-վրացական հարաբերություններով: Նրա կողմից զգացվում էր շահագրգռություն ռուս-վրացական հարաբերությունների բարելավման առումով: Ջոն Քերրին անդրադարձել է ժնեւյան քննարկումներին եւ հետաքրքրվել, թե ինչ կարելի է անել այդ ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար»,-հայտարարել է Գեգեշիձեն:

Ինչպես հաղորդում է «Նովոստի Գռուզիան», Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն այսօր հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ, որի ժամանակ քննարկվել են երկու երկրների հարաբերությունները: Սա Փանջիկիձեի առաջին հանդիպումն էր Քերրիի հետ, Փանջիկիձեն Վրաստանի ԱԳՆ-ն գլխավորել է 2012-ի հոկտեմբերին:

«Մենք քննարկել են Վրաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները: ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Ջոն Քերրին շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ գլոբալ անվտանգության ամրապնդման գործում իր ներդրման համար»,-հայտարարել է Փանջիկիձեն: