Ռուս քաղաքագետ, Ժամանակակից աշխարհի կրոնի եւ քաղաքականության ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մաքսիմ Շեվչենկոն Բոսթոնի ողբերգության մեջ ամերիկյան գործողություններում «ադրբեջանական պլան» է տեսնում:
Քաղաքագետը հիշեցրել է, որ Բոսթոնի ահաբեկչությունից որոշ ժամանակ առաջ ԱՄՆ Սենատը մեկ մլն դոլար է հատկացրել Իսրայելին՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու համար: «Սա շատ կարեւոր փաստ է: Մյուս կողմից ինչո՞ւ կովկասյան հետք, չէ՞ որ կարելի էր գտնել ցանկացած եմենցու, Սաուդյան Արաբիայի որեւէ բնակչի կամ մատնանշել «Ալ-Կաիդան», իսկ այստեղ նշում են կովկասյան արմատականների: Ամերիկացիները լավ չգիտեն, թե ինչ է Դաղստանը, բայց կարծես գիտեն, թե ինչ է Չեչնիան»,-ասել է Շեվչենկոն: Նրա խոսքով՝ հաջորդ տարի սկսվում է ամերիկյան զորքերի դուրսբերումն Աֆղանստանից, որը պետք է անցնի Ադրբեջանով, իսկ այս ահաբեկչությունը թույլ է տալիս նրանց լեգիտիմ ձեւով իրենց զինվորական ստորաբաժանումները պահել Ադրբեջանի հյուսիսում, որտեղ գտնվում է նաեւ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը: Ես կարծում եմ, որ սա ուղղակի սպառնալիք է Ռուսաստանի շահերի դեմ: Այս բեմադրությունը հեռուն գնացող քաղաքական նպատակներ ունի»,-ընդգծել է նա:
Ռուս քաղաքագետը նաեւ նշում է, որ Բոսթոնի ահաբեկիչներից մեկը՝ Թամերլան Ցարնաեւը սովորել է սեմինարում, որն անցկացրել են Վրաստանի հատուկ ծառայություններն՝ ամերիկացիների հետ համատեղ:




























