Հայաստանում 624 դպրոց ընդգրկված է ինտերնետ ցանցում, եւս 750-ը կմիանան ինտերնետին, երբ ավարտվեն ցանցի ընդլայնման աշխատանքները։ Այս մասին փետրվարի 23-ին կայաած ասուլիսում տեղեկարեց Հայաստանի կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արեգ Գրիգորյանը՝ նշելով, որ 750 դպրոցներից մի մասի ինտերնետով ապահովելու ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։ Գրիգորյանի խոսքով՝ դպրոցները բավարար չափով համալրված չեն համակարգիչներով։ Ըստ նրա՝ 1000 աշակերտին 36 համակարգիչ է բաժին ընկնում։
Անդրադառնալով կադրերի վերապատրաստման հարցին՝ նա տեղեկացրեց, որ նոր տեխնոլոգիաների հետ աշխատանքի համար վերապատրաստում են անցել 320 ինֆորմատիկայի ուսուցիչներ ու 640 տեխնիկական սպասարկողներ: «Ինտերնետով չապահովված մարզերի դպրոցներ պարբերաբար այցելում են շարժական ինտերնետային համակարգչային կայանները, որոնց միջոցով յուրաքանչյուր համայնքում 12-օրյա դասընթացներ են կազմակերպվում»,- ասաց կենտրոնի տնօրենը՝ ավելացնելով, որ համայնքի ուսուցիչները հնարավորություն են ունենում վերապատրաստվել՝ առանց հեռանալու բնակավայրից։




























