Ամերիկյան Մանչեսթերի քաղաքապետը (Իլինոյս նահանգ), որտեղ նախօրեին 5 մարդ էին սպանել, խոստովանել է, որ բարեկամական կապ ունի սպանված հանցագործի հետ: Ռոնալդ Դրեյքը հայտարարել է, որ 43-ամյա Ռիկ Օ. Սմիթն իր զարմիկն է, սակայն նրանք երկու տարի է չեն շփվում միմյանց հետ:

Միակ բանը, որ քաղաքապետը գիտեր իր բարեկամի մասին, այն էր, որ Սմիթը գործազուրկ էր, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Chicago Tribune թերթը, կրակ բացելու մեջ կասկածվողը, ենթադրաբար, վրեժ է լուծել իր նախկին ընկերուհու հարազատներից, ում հետ նա չի կարողացել կիսել իրենց 4-ամյա երեխային:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ամերիկյան Մանչեսթեր քաղաքում (Իլինոյս նահանգ) զանգվածային սպանություն է տեղի ունեցել: Հանցագործը սպանել էր 5 եւ վիրավորել մեկ մարդու: Ինչպես հաղորդել են տեղի լրատվամիջոցները, երկարատեւ հետապնդումից հետո ոստիկանությանը հաջողվել է գտնել եւ ձերբակալել չարագործին, սակայն նա ձերբակալության ժամանակ ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

Հարազատների փոխանցմամբ՝ զոհվել է 65-ամյա Ջոան Սինքլերը, նրա թոռնուհի Բրիթանի Լուարքը, նրա ընկեր Ռոյ Ռալսթոնը, ինչպես նաեւ մանկահասակ Նոլանն ու Բրենթլին: Նրանց եւս մեկ դուստրը՝ 6-ամյա Քեսիդին ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:

Սմիթը եղել է սպանված Ջոան Սինքլերի դստեր նախկին ընկերը: