Բոսթոնյան մարաթոնի նախապատրաստական աշխատանքների ընթացքում, որի ժամանակ անցյալ շաբաթ կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել, իշխանությունները դիտարկել են նման պատահարի հնարավորությունը: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Մասաչուսեթս նահանգի ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն Քուրթ Շվարցը:

«Մենք ամիսներ շարունակ նախապատրաստվել ենք մարաթոնին: Պատահարից մեկ շաբաթ առաջ մենք դիտարկել ենք ռիսկի գործոնը, հատկապես խոսքը վերաբերում է պայթյունին»,-պատմել է Շվարցը:

Բոսթոնի ոստիկանության ղեկավար Էդվարդ Դեվիսը հայտնել է, որ 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո Բոսթոնյան մարաթոնի պես միջոցառումների նախապատրաստության ժամանակ «բազմաթիվ ամենաանհավանական սյուժեներ են մտածում», հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

Բոսթոնի մարաթոնն աշխարհի ամենահին եւ ամենահեղինակավոր մարաթոններից մեկն է: Դրան ավելի քան 20 հազար մարզիկներ են մասնակցում աշխարհի տարբեր երկրներից: Ապրիլի 15-ին մարաթոնի ֆինիշային գծից ոչ հեռու տեղի է ունեցել երկու պայթյուն: Զոհվել է երեք մարդ, ավելի քան 260-ը վնասվածքներ է ստացել: Այդ պայթյունների կազմակերպիչներ եւ իրականացնողներ են ճանաչվել չեչեն եղբայրներ Ցարնայեւները` 26-ամյա Թամերլանը, որը ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ սպանվել է, իսկ նրա եղբայրը՝ 19-ամյա Ջոհարը ձերբակալման ժամանակ վնասվածքներ է ստացել: