Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մի շարք անդամներ համատեղ հռչակագիր են ստորագրել՝ կոչ անելով ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը եւ նշել, որ դա կնպաստի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։

ԵԽԽՎ անդամների հռչակագրում, մասնավորապես, ասվում է. «Ցեղասպանությունների ճանաչումը մի ակտ է, որը նպաստում է մարդկային արժանապատվության հարգանքին ու մարդկության հանդեպ հանցագործությունները կանխելուն։

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը վավերացված, ընդունված եւ հաստատված է եղել լրատվամիջոցներում ու ականատեսների վկայությունների, օրենքների, ՄԱԿ-ի, Եվրախորհրդի եւ Եվրոպական Միության անդամ պետությունների խորհրդարանների, այդ թվում նաեւ Շվեդիայի, Լիտվայի, Գերմանիայի, Լեհաստանի, Նիդեռլանդների, Սլովակիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Բելգիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ռուսաստանի, ինչպես նաեւ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի եւ ԱՄՆ 43 նահանգների, Չիլիի, Արգենտինայի, Վենեսուելայի, Կանադայի, Ուրուգվայի ու Լիբանանի խորհրդարանների կողմից ընդունված բանաձեւերի ու հայտարարությունների ձեւով։

Խորհրդարանական վեհաժողովի ներքոստորագրյալ անդամները կոչ են անում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բոլոր անդամներին 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի եւ մյուս քրիստոնյաների նկատամամբ իրագործված ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտ միջոցներ կիրառել, ինչը կնպաստի մարդկության դեմ այդ զզվելի հանցագործությունը թուրքական իշխանությունների կողմից ճանաչելու հնարավոր ակցիային, եւ որպես հետեւանք կհանգեցնի Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը՝ դրանով իսկ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը»։

Նշենք, որ ապրիլի 24-ին ողջ աշխարհում նշվել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականին կատարված եւ 1,5 միլիոն մարդու կյանք տարած Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը։ Թուքիան մինչ օրս ժխտում է մարդկության դեմ կատարած այդ հանցագործությունը։