Կանադայում Թուրքիայի դեսպանատան առջեւ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ամենամյա արարողությունն այս տարի հանդիպել է 50 թուրքերի հակընդդեմ ակցիային, որոնք ժխտում էին ցեղասպանության փաստը: Թուրքերի խումբը սկսել է երգել եւ վանկարկել հայերի դիմաց: Այդ մասին հայտնում է Կանադայի Հայկական երիտասարդական դաշնությունը:
Ի լրումն այդ ամոթալի ակցիայի, թուրքերը փորձել են բախում սադրել հայերի հետ, որ ձախողեն ամենամյա ակցիան: Հայերի հասցեին վիրավորանքներ են հնչել: Հայ ցուցարարները որոշել են արհամարհել թուրքերի վանկարկումները եւ իրենց ուշադրությունը կենտրոնացրել են Թուրքիայի դեսպանատան վրա:
Ներկա ոստիկաններին հարցրել են` արդյոք թուրքերը ակցիայի թույլտվություն ունե՞ն, ի պատասխան նշվել է, որ թուրքական խումբն այգում խորոված անելու հայտ էր ներկայացրել: Դրանից հետո Թուրքիայի դեսպան Թունջայ Բաբալին թուրք սադրիչներին հրավիրել է դեսպանատուն: Նշենք, որ դեսպանը վերջերս հայտարարել էր, թե Թուրքիան սահմանափակելու է տնտեսական գործակցությունը Կանադայի հետ, եթե այդ երկրի կառավարությունը չփոխի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի շուրջ:



























