Բելգրադում, ապրիլի 22-ին, տեղի է ունեցել Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանի հանդիպումը Սերբիայի խորհրդարանի Սերբիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել հայ-սերբական հարաբերությունների զարգացման հնարավորությունների եւ առաջնահերթությունների վերաբերյալ, հնչել են բազմաթիվ առաջարկություններ` հատկապես մշակույթի եւ կրթության բնագավառում համագործակցության, գործարար շրջանակների միջեւ կապերի հաստատման վերաբերյալ:

ՀՀ դեսպանը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, առկա խնդիրները, ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը:

Երկուստեք կարեւորվել է երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության խթանումը: Դեսպան Ղալաչյանն ընդգծել է ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ տարբեր միջազգային ձեւաչափերում միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը: