ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայիկյանը հերթական գրառումն է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: Նա, մասնավորապես, գրել է. «Հայտնի պատճառով այս տարի տարածական հեռավորությունից (Արեւմտյան Եվրոպայում եմ) էի հետեւում ապրիլի 24-ի հետ կապված միջոցառումներին, դրեւորումերին ու տրվող գնահատականներին։ Տարբեր հեռուստաալիքներ բավական լավ էին նախապատրաստել պատմա-վավերագրական նյութերը, սակայն պատշաճ ընդհանրացումները քիչ էին: Օրինակ՝ երբ դու չես շեշտում, որ սպանված եւ տարագրված հայերը կազմում էին Թուրքիայի ներկայիս տարածքի բնակչության մոտ մեկ քառորդը, իսկ դա երեւույթ է, բայց երբ գոռում ես (նաեւ երգում) 1.5 միլիոնի մասին՝ այսօրվա Թուրքիայի 80 մլն բնակչության պարագայում, կարծում եմ, նվազ ազդեցիկ է։
Մեր եզրույթաբանները, կարծես, մի փոքր շտապել են «գենոցիդ» բառը «ցեղասպանություն» եզրով ներկայացնելով։ Բարեբախտաբար դա միայն որպես եզրույթ է ընկալվում եւ միայն հայերենի նրբությունները խորապես զգացողները կհասկանան թե ինչ նկատի ունեմ։ 1915 -23 թթ. ամերիկյան մի ցեղ չի հետապնդվել, այլ կայացած՝ պետականությունը վերականգնելու նախաշեմին կանգնած մի ազգ։ Գաղափարս այլ առիթով մինեւ վերջ կբացեմ։ Բանաստեղծական ընկալումը (Դանիել Վարուժան՝ «Ցեղին սիրտը») միշտ չէ որ պատշաճում է քաղաքագիտականին։
(Մի քանի անգամ հնչեց պապիս եղբոր՝ Պոլսի Արդի վարժարանի հիմնադիր-տնօրեն, այդ գիշեր կալանավորված եւ կալանավայրում սպանված Աբրահամ Հայրիկյանի անուն ազգանունը։ Հարազատ պապս՝ Հովհաննես Հայրիկյանը նույնպես կալանավորվել է, բայց սակավաթիվ փրկվածներից է։)
Որեւէ տեղ ոչ մի խոսք չհնչեց այն մասին, որ ոչ պատահականորեն այդ օրվա հետ է կապված նաեւ մեր ազգային պայքարի նորագույն փուլի սկզբնավորումը՝ Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) կայացումը 1966 թ. ապրիլի 24-ին։ Իսկ ԱՄԿ-ն երկարատեւ ձախողված փորձերից հետո հայությանը հաջողությունների հասցրած միակ ազգային ազատագրական պայքարի կազմակերպություն չէր միայն։ Եթե կարողանանք ռազմավարական ընդգրկմամբ հետեւել պատմական երեւույթներին, ապա այն ասպարեզ էր իջել հենց Մեծ Եղեռնի հետեւանքները վերացնելու նպատակով եւ այդ էր պատճառը որ դեռ տասնամյակներ առաջ Ապրիլի 24-ը ազդարարված էր նաեւ ԱՄԿ օր՝ Ցեղասպանության հետեւանքները վերացնելու պայքարի օր։
Ֆեյսբուքյան (դիմագրքային) լուսանկարներից տեսա, որ մի խումբ ԱՄԿ-ԱԻՄ-ականներ երեկ՝ ապրիլի 24-ին ծաղիկներ են դրել ԱՄԿ հիմնադիր Հայկազ Խաչատրյանի շիրիմին։ Լավ է, ուրեմն ավանդույթը պահպանվում է։
Այսօր այսքանը։ Քիչ անց կտեղադրեմ դիմագրքի իմ էջերում եւ կայքումս։ Եթե տեսա, կարդում են, վաղը կշարունակեմ այս նյութի վերաբերյալ խոհերիս մատուցումը»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























