ԱՄՆ իշխանությունները Ցարնաեւ եղբայրների մորը կալանավորելու որոշում են կայացրել: Բանն այն է, որ նախորդ տարի նա չի ներկայացել դատարան, երբ մեղադրվում էր բուտիկից գողություն կատարելու մեջ:
Զուբեյդաթ Ցարնաեւան կարող է կալանավորվել ԱՄՆ մուտք գործելու դեպքում՝ նախկինում Բոսթոնի էլիտար խանութներից մեկից գողություն կատարելու համար:
Ավելի վաղ Ցարնաեւ եղբայրների մայրը հայտարարել էր, որ մտադիր է մեկնել ԱՄՆ, որպեսզի ներկա լինի իր կրտսեր որդու դատավարությանը: Այժմ կինը մամուլին հայտնել է, որ կմնա Դաղստանում, հաղորդում է Neva.24-ը:
Բոսթոնյան ահաբեկիչների մայրը 2012 թվականի հոկտեմբերի 25-ին չի ներկայացել դատարան, որտեղ պետք է քննարկվեր Lord & Taylor հագուստի բուտիկից 1600 դոլարի ապրանք գողանալու մեղադրանքով գործը:
ՀԴԲ քննիչները մեկնել են Դաղստան եւ Բոսթոնի ահաբեկչության գործով հարցաքննել Զուբեյդաթ Ցարնաեւային: Հատուկ ծառայությունները հաղորդել են, որ զրույցը շարունակվել է մինչեւ ուշ գիշեր:
Ցարնաեւ եղբայրների հորեղբայր Ռուսլան Ցարնին հայտարարել է, որ եղբայրների ոգեշնչողը կարող էր լինել հենց նրանց մայրը, քանի որ նա բազմիցս իրենց տուն է հրավիրել մահմեդական արմատական քարոզչի, ով շփվել է նաեւ Թամերլան Ցարնաեւի հետ:



























