Դեսպանները չեզոք դիտորդներ չեն: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, այսօր՝ ապրիլի 25-ին, մամուլի ասուլիսում` մեկնաբանելով իր հասցեին հնչած քննադատությունը նախագահական ընտրությունների նախօրեին աղմկահարույթ հարցազրույցի կապակցությամբ: «Չեզոքություն բառի նշանակության երանգներից մեկը անտարբերությունն է: Ես չեմ կարող անտարբեր լինել»,- ասել է դեսպանը:

Անդրադառնալով քննադատության պատճառներին` դեսպանն առաջարկել է նախ քննարկել մի քանի դետալներ: Ըստ Ռաչինսկու, իր հարցազրույցում խոսք է եղել հայաստանում իրավիճակի գնահատականի մասին: «Ես ներկայացրել եմ ոչ թե իմ գնահատականը, այլ մեջբերել եմ հատվածներ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթներից: Ես հավատում եմ նախագահին: Դուք էլ պետք է հավատաք»,- ասել է դեսպանը:

Նա նշել է, թե քաղաքական գործիչները ժամանակ չեն ունեցել ծանոթանալ հարցազրույցի բովանդակությանը, եթե կարդային, կտեսնեին, որ այնտեղ խոսք է եղել խոսքի ազատության եւ դավանանքի ազատության ոլորտներում Հայաստանի ձեռքբերումների մասին: Դեսպանը նաեւ նշել է, թե ժողովրդավարության մասով ասել է, որ ժողովրդավարությունը վիճակ չէ, այլ գործընթաց, եւ այդ առումով իարվիճակը կատարյալ չէ նույն Լեհաստանում: Ըստ դեսպանի, վերլուծական միտք ունեցող ցանկացած անձ հարցազրույցից կեզրակացներ, որ Եվրոպան կընդունի ընտրությունների արդյունքը: «Եթե որոշ գործիչներ դա չեն հասկացել, իմ մեղքը չէ: Ես կասկած եմ հայտնել Պարույր Հայրիկյանի հաղթանակի կապակցությամբ: Իսկ նա հաղթե՞լ է: Ես ոչ միայն ապրում եմ Հայաստանում, ես ապրում եմ Հայաստանով»,- ընդգծել է դեսպանը: