ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը կարծում է, որ մարտի 1-2-ին Հայաստանում իշխանությունների կողմից հեղաշրջման փորձի հետ կապված հարցը պետք է քննարկվի ԵԽԽՎ ընդհանուր մոնիտորինգի համատեքստում, ոչ թե առանձին քննարկման առարկա լինի: Այս մասին նա հայտարարել է փետրվարի 23-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված փաստաթղթին, որի տակ ստորագրել է Շվեդիայի պատվիրակության ղեկավար Գորան Լինդբլանդը եւ էլի մոտ երկու տասնյակ պատգամավորներ, եւ ըստ որի մարտի 1-2-ին Հայաստանում եղել է զինված հեղաշրջում:
Ըստ Դավիթ Հարությունյանի, եթե ԵԽԽՎ բյուրոն որոշի, որ պետք է այս հարցով հատուկ զեկուցող նշանակել, ապա նա կնշանակվի, եւ նրա գործունեությունը կարող է տեւել 1-2 տարի: Այդ ժամկետի ավարտից հետո հարցը քննարկվում է մոնիտորինգի հանձնաժողովում, որից հետո միայն ԵԽԽՎ-ի քննարկման առարկա է դառնում: «Ես կարծում եմ, որ այս պահին մեր առջեւ ավելի կարեւոր խնդիրներ են դրված, որպեսզի մենք ուշադրություն դարձնենք շվեդ պատգամավորի ներկայացրած փաստաթղթին»,- ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք Լինբլանդի դիտարկումները համապատասխանում են իրականությանը, արդյո՞ք Հայաստանում զինված հեղաշրջում է եղել, եւ ինքը ինչպե՞ս է գնահատում պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հրամանը, որով մարտի 1-ից առաջ մոբիլիզացվել են Հայաստանի զինված ուժերը, որոնք հետո մտել են Երեւան, Դ. Հարությունյանը պատասխանեց. «Զորամիավորումներն ընդհանրապես որոշակի իրավիճակի բերվում են տարբեր իրադարձությունների հետ կապված: 2008-ի մարտ ամսին ընդհարում եղավ Լեռնային Ղարաբաղում: Եղավ սահմանի խախտում, հարձակման փորձ, եւ այլն: Նմանատիպ դեպքեր լինում են։ Միշտ չէ, որ մենք դրանց պատշաճ ուշադրություն ենք դարձնում, սակայն երկրի բանակը պետք է մոբիլիզացված վիճակում լինի՝ պատրաստ լինելով նման իրադարձությունների: Ինչքանով է հիշյալ հրամանը շեղվում դրանից, ինձ թվում է բավական դժվար է գնահատել: Մի հարցում ես միանշանակ կարող եմ պնդել, որ անթույլատրելի կհամարեի որեւէ մեկին բացահայտել այդ հրամանի դրդապատճառները, թե բանակը ինչու եւ որ իրավիճակներում է բերվում մոբիլիզացիայի (իսկ բանակը գործում է նաեւ հետախուզության տվյալների հիման վրա): Իմ խորին համոզմամբ, դա վերաբերվում է հենց նման իրավիճակի»:
Սակայն քիչ անց նա նաեւ հավելեց. «Ես չեմ պնդում իմ ասածը: Ես ասում եմ, որ նման հարցերին պետք է ուշադրություն դարձնել նաեւ այդ համատեքստում: Հայտնի է, որ որոշակի իրադարձությունների ժամանակ կարող են լինել տարբեր ոտնձգություններ, եւ պետք է դրանց պատրաստ լինել նախապես»:
Հատկանշական է, որ մոբիլիզացիայի բերված բանակը մարտի 1-ին շարժվեց ոչ թե սահմանները պաշտպանելու, այլ ուղղություն վերցրեց դեպի Երեւան:




























