Հայ հեղափոխական դաշնակցությունը բավարարված չէ Առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի 130-ամյակին նվիրված միջոցառումների մակարդակից:

Ինչպես խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՅԴաշնակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, միջոցառումը, որն անցկացվել է փետրվարի 19-ին Օպերայի եւ Բալետի թատրոնի շենքում, խղճուկ եւ գավառական էր: «Հանրապետական նշանակության ոչ մի անսամբլ հանդես չեկավ միջոցառման ընթացքում: Իսկ իմ դժգոհությանը միջոցառման մասնակիցներից մեկն ասաց, ինչքան տվել են, այնքան էլ արել ենք»,- հայտարարեց Գալստյանը:

Միգուցե Առաջին հանրապետության հիմնադիրներից մեկը, ազգային հերոս Արամ Մանուկյանը «մեր օրերի հերոսը չէ», հարց տվեց պատգամավորը. «Միգուցե մեր օրերի հերոսներն այլ մարդիկ են, քանի որ նույն շենքում բարձր մակարդակով կայացավ „Եվրատեսիլի“ մրցույթի ընտրական փուլը: Այդ դեպքում պետք չէ զարմանալ, որ Հայաստանում այդքան ընկել են բարքերը, որ մեր երեխքաները երազում են թիկնապահ դառնալ, իսկ նրանք, ովքեր լավ կյանք են երազում, ուղղակի լքում են երկիրը: Եւ քանի դեռ պատմությունը մեզ դասեր չի տալիս, մեր ներքին պարտությունն անխուսափելի է»,- հայտարարել է Գալստյանը: