Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը նախօրեին կոշիկ է նետել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա: Ինչպես հաղորդում է EFE գործակալությունը, դա եղել է Սիրիայի 27-ամյա մի քաղաքացի, էթնիկ քուրդ: Երիտասարդը արդեն մեկ տարի բնակվում է իսպանական Անդալուսիայում՝ Սեւիլիա քաղաքում:

Տղամարդուն սպասվում է 72-ժամյա հարցաքննություն՝ օտարերկրյա պետական գործչի վրա հարձակում գործելու համար: Նա նաեւ մեղադրվում է ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու մեջ:
Հիշեցնենք, որ սկանդալային միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 22-ի երեկոյան իսպանական Սեւիլիա քաղաքում, Էրդողանին Nodo հիմնադրամի մրցանակ տալու ժամանակ: Երբ վարչապետը դուրս է եկել տեղական քաղաքապետարանի շենքից եւ փորձել է նստել մեքենան, նրան է մոտեցել երիտասարդը եւ բացականչելով՝ «Կեցցե ազատ Քուրդիստանը», կոշիկ նետել Էրդողանի վրա: