Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Ռուսաստանում նշվող Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված հանդիսավոր ընդունելությանը: Նա հանդես է եկել շնորհավորանքի խոսքով, որում մասնավորապես նշել է. «Կարծում եմ` այս տոնի առթիվ կարելի է առանց երկմտանքի շնորհավորել նաեւ Հայաստանի քաղաքացիներին: Ակնհայտ է, որ մեր պապերն ու հայրերը եւ այստեղ ներկա գտնվողներից շատերը ծառայել են խորհրդային բանակում` լուծելով հայրենիքի պաշտպանության եւ այն ժամանակ ընդհանուր երկրի անվտանգության ապահովման կարեւորագույն խնդիրները:
Ուս ուսի մենք կռվում էինք Հայրենական պատերազմի ռազմաճակատներում, եւ բոլորը քաջատեղյակ են հայ ժողովրդի ծանրակշիռ ներդրմանը ֆաշիզմի դեմ պատմական հաղթանակի հասնելու գործում:
Այսօր էլ մենք ՌԴ-ի եւ այլ դաշնակիցների հետ միասին հավաքական անվտանգության հիմնախնդիրներ ենք լուծում ՀԱՊԿ եւ այդ կազմակերպության հետ փոխկապակցված կառույցներում: Անցյալ տարի Հայաստանն ու Ռուսաստանը միասին հանդես եկան ՀԱՊԿ գործունեության մեխանիզմների կատարելագործման նախաձեռնությամբ, որի շրջանակներում մասնավորապես ընդունվեց արագ արձագանքման հավաքական ուժերի ձեւավորման որոշումը:
Վստահ եմ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամությունն ու փոխադարձ համակրանքը, որ մեզ իրար է կապում հազարավոր անքակտելի հոգեւոր թելերով, այսուհետ եւս կձեւավորի եւ կպայմանավորի հայ-ռուսական փոխշահավետ համագործակցության բազմակողմանի ներուժը, այդ թվում եւ ռազմական ոլորտում:
Կրկին շնորհավորում եմ ներկա գտնվողներին տոնի առթիվ եւ մաղթում եղբայրական Ռուսաստանի պաշտպաններին առողջություն, երջանկություն եւ բարի ծառայություն»:



















