Տրումեն Կապոտեի «Նախաճաշ Տիֆֆանիի մոտ» վեպի ձեռագիրը, որ RR Auction աճուրդի տունը վաճառքի էր հանել ԱՄՆ-ում, գնել է ռուսաստանցի միլիարդատեր Իգոր Սոսինը:

«Ծերուկ Խոտաբիչ» ցանցի հիմնադիրը դրա համար 306 հազար դոլար է վճարել` նախնական 250 հազար դոլարի պայմաններում: Սոսինը պատրաստվում է ձեռագիրը ցուցադրել Մոսկվայում եւ Մոնակոյում:

«Նախաճաշ Տիֆֆանիի մոտ» վեպի տեքստը տպագրված է գրամեքենայով, սակայն Կապոտեն ձեռքով բազմաթիվ ուղղությումներ է մտցրել: Մասնավորապես բոլոր 86 էջերում գլխավոր հերոսուհու անունը Կոննի Գուստաֆսոնից փոխվել է դասական դարձած Հոլլի Գոլայթլիի, հայտնում է NTV-ն:

Կապոտեի վեպը հրապարակվել է 1958թ.: 18-ամյա աղջկա պատմությունը, ով խուլ գավառից հայտնվել է Նյու Յորքի բոհեմայում, սիրվել էր շատերի կողմից, եւ ավելի հայտնի դարձել Բլեյք Էդվարդսի ֆիլմից հետո, որտեղ գլխավոր դերը կատարել է Օդրի Հեփբերնը: