Հայաստանի փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար  Արմեն Գեւորգյանն  այսօր Արագածոտնի մարզում ծանոթացավ  միջհամայնքային նոր աղբավայրի կառուցման համար առաջարկվող տարածքին: 

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե տեղում մարզպետ Ս. Սահակյանի, Աշտարակի քաղաքապետի, այլ պատասխանատուների հետ քննարկվեցին Աշտարակ քաղաքին եւ շրջակա  գյուղերին սպասարկող` գործող աղբավայրի փակման եւ նորի կառուցման հնարավորությունները: Գործող աղբավայրը գտնվում է Աշտարակ-Էջմիածին մայրուղուն անմիջապես հարող տարածքում, քամիների մշտական  հոսանքի տակ, ինչը խնդիրներ է առաջացնում բնապահպանական նորմերին համապատասխան շահագործելու առումով: Նոր աղբավայրն առաջարկվում է  կառուցել Աշտարակ քաղաքի վարչական տարածքում` Երեւան-Աշտարակ մայրուղուց աջ ընկած հատվածում, խարամի նախկին հանքավայրի խորշերի տեղում: Մարզպետը նշեց, որ տարածքն ընտրվել է տեղական մարմինների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում: Ա. Գեւորգյանը կարեւորեց նոր աղբավայրի` սահմանված բոլոր պահանջներին եւ բնապահպանական նորմերին  համապատասխան կառուցումը: Ըստ նրա` հարցը պետք է ներկայացվի  բնապահպանական փորձաքննություն իրականացնող կազմակերպության, ինչպես նաեւ համայնքնի ավագանու քննարկմանը: Աղբավայրի շահագործման  հետ կապված պատասխանատվություն պետք է ստանձնեն նաեւ հետագայում դրանից օգտվող մյուս համայնքները: 

Ա. Գեւորգյանն այցելեց նաեւ Արագածի տարածաշրջանի Հնաբերդ համայնք, որտեղ Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրով անցած տարի ավարտվել է  համայնքային նշանակության ջրամբարի կառուցումը:  Ծրագրի արժեքը կազմել  է 123,7 մլն դրամ: Ջրամբարը կունենա 65 հազ. խմ օգտակար ծավալ եւ կկուտակի Արագածի հալոցքային սելավաջրերը` այդպիսով լուծելով բարձրլեռնային գոտում գտնվող համայնքի ոռոգման խնդիրը:  Ջրամբարի հզորությունները բավարար կլինեն համայնքի 100 հա ցանքատարածությունները ոռոգելու համար:

Ա. Գեւորգյանը ողջունելի համարեց տեղերում առկա խնդիրների լուծմանն ուղղված նման փոքր ծրագրերի իրականացումը եւ դրանց համայնքի մասնակցությունը: Տեղում մարզպետի, համայնքապետի, այլ պատասխանատուների հետ քննարկվեցին ջրամբարի շահագործման, ինչպես նաեւ համայնքի ընթացիկ խնդիրների հետ կապված հարցեր: