Ինգուշիայի նախագահ Յունուս-Բեկ Եվկուրովը, իր վրա կատարված մահափորձից հետո բերվել է Մոսկվա և գտնվում է Ա.Վ. Վիշնեւսկու անվան վիրաբուժության ինստիտուտում։ Նախագահի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում։ Նրան միացրել են արհեստական շնչառության սարք,- նշում է «Կոմերսանտը»։

Հանրապետական կլինիկական հիվանդանոցի բժշկը, որն, ի դեպ, Եվկուրովին զննել է անմիջապես մահափորձից հետո, ասել է, որ Ինգուշիայի նախագահը գանգուղեղային վնասվածք է ստացել, կոտրված են երկու կողոսկրերը, վնասվել են լյարդն ու թոքերը ։ Նա նաև ունի այրվածքներ դեմքի, ձեռքերի ու ոտքերի շրջանում ։

Այսուհանդերձ, բժիշկները բուժման ընթացքի դրական ու կայուն բարելավում են ակնկալում։

Հիշեցնենք, որ մահափորձի քննության առնչությամբ գլխավոր կասկածյալ է եղել Մալկոբեկի բնակիչ, 22-ամյա Պատիմատ Մութալիեւան, որը վերջին երկու տարիների ընթացքում կատարված հատուկ օպերացիաների հետեւանքով, կորցրել է իր 3 տղամարդ հարազատներին։ Սակայն, քննությունը պարզել է, որ Մութալիեւան մահափորձի հետ առնչություն չունի, քանի որ այդ ժամանակ, նա գտնվում էր քոլեջում, որտեղ հանձնում էր իր վերջին քննությունը։

Ինգուշիայի հանրապետության նախագահի մամլո քարտուղարն ասել է, որ Եվկուրովի ընտանիքի անդամները երկրից դուրս չեն բերվել այլ գտնվում են ուժեղացված հսկողության տակ։