Նախկինում Երեւանի բակերն ավելի քյասիբոտ էին, բայց բնակիչները համախմբված էին: Այս մասին, այսօր` ապրիլի 28-ին, Արաբկիրի բնակիչների հետ բակային հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ նախարարի պաշտոնակատար, Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը՝ հիշելով մանուկ հասակում իրենց Շենգավիթի բակը:
Նա նշեց, որ, եթե Հովհաննես Շահինյանի նման անձնավորությունն (Արաբկիրի նախկին թաղապետ) այսօր իրենց կողքին է, դա արդեն մեծ բան է:
Բնակչուհիներից մեկը, ով Գետաշենից էր եկել, դժգոհեց, որ հանրակացարանում 14 քմ-ում է ապրում եւ գործազուրկ են: Նա նշեց, որ Հովհաննես Շահինյանն իրեն շատ է օգնել, սակայն Գագիկ Եգանյանը (Միգրացիոն գործակալության պետ-խմբ), ըստ նրա, մի մարդու տալիս է տասը սենյակ, մյուսին՝ մեկ: Գետաշենցի փախստականն ասաց, որ ուր էլ գնում է աշխատանքի ընդունվելու՝ տարիքի պատճառով չեն ընդունում: «Ես հրաժարվում եմ այս երկրից: Եթե չեն կարողանում մեր խնդրին լուծում տան, թող մեզ երկրից հանեն գնամ Իլհամ Ալիեւին դիմեմ: Ինչպե՞ս կարելի է այս պայմաններում ապրել»,- դժգոհեց Արաբկիրի բնակչուհին:
Արմեն Երիցյանն արձագանքելով բնակչուհու խնդրին ասաց. «Եկեք պայմանավորվենք, որ ինչքան էլ վատ վիճակի մեջ լինենք, Ալեւեին չհիշենք: Այդ տականքի անունը տալու բարոյական իրավունք չունենք, ինչքան էլ տաքացած լինեք: Ձեր խնդիրն անհատական մոտեցում է պահանջում: Անհատական կարող ենք մի քանի բնակչի խնդիր լուծենք, ինչը ընտրությունների հետ կապ չունի, բայց ընդհանուր խնդիրը լուծելու համար բոլորս պետք է համախմբվենք: Պետք է միջին բիզնեսը զարգացնենք, որ մարդիկ գործ ունենան: Տղամարդիկ գործազրկության պատճառով գնում են խոպան, հետո փող են ուզում, որ հետ գան: Գլոբալ խնդիրներ կան, որը լուծելու համար պետք է համախմբվենք»:
Արմեն Երիցյանը նաեւ նշեց, որ ծանոթ է, թե հանրակացարանային, թե վարձով ապրելու խնդիրներին: «Այնպես չէ, որ հանրակացարանում ապրող ծանոթներ չեմ ունեցել: Ես էլ եմ վարձով ապրել, թե Աշտարակում, թե այստեղ, գտեմ դա ինչ է: Դրա համար ասում եմ եկեք միավորվենք, որ միասին խնդիրը լուծենք: Պետք է ընդհանուր Երեւանի մասին մտածենք, ոչ թե գանք խոսանք եւ գնանք»,-ամփոփեց քաղաքապետի թեկնածուն::




























