Արաբկիր վարչական շրջանի Կիեւյան կամրջի հարակից շենքերի բնակիչները այսօր` ապրիլի 28-ին, ԱԻՆ նախարարի պաշտոնակատար, Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանին դժգոհեցին, որ ձորում գտնվող ռեստորանների երաժշտության եւ հրավառության ձայները թույլ չեն տալիս իրենց հանգիստ ապրել:
Բնակիչները խնդրում են գոնե բարձրախոսներն ուղղել դեպի մարզահամերգային համալիրի կողմը, որ ձայնի ալիքը գնա այդ ուղղությամբ: «Թեք լանջով ձայնը բարձրանում է եւ ժամանակին, որ պալատկեք էին խփում, հարսանիք անում, բնակիչները խլացած դուրս էին գալիս, հիմա մեզ մոտ այդ վիճակն է: Սարսափելի է, ձորից ձայնը անֆիթատրոնի էֆեկտ է տալիս: Մենք երեկոյան ժամը 7-ին տնից դուրս ենք գալիս, ժամը 1-ին գալիս տուն, իսկ եթե քեֆ անողները մի քիչ թափով տղերք են, դա կարող է տեւել մինչեւ ժամը 3-4-ը: Առավոտյան ժամը 5-ին էլ «Դոլյա վոռովսկայա» կարող են երգել, առանց հաշվի առնելու, որ մարդիկ քնած են: Նույնիսկ համակենտրոնացման ճամբարներում մարդուն գիշերը չեն զրկել քնելու իրավունքից: Ի՞նչ է, մեր քաղաքապետն անկարո՞ղ է ազդելու: Եթե այդպես է, թող ասեն ժողովուրդ, մենք անկարող ենք»,- դժգոհեցին բնակիչները:
Արմեն Երիցյանն ի պատասխան ասաց, որ քաղաքակիրթ երկրներում մինչեւ ժամը 22.00-ն է թույլատրվում բարձր երաժշտություն միացնել: «Ես վստահ եմ, որ կընտրվեմ, իսկ եթե չընտրվեմ, որպես ԱԻՆ նախարար էլ դա ինձ շատ հետաքրքրեց: Կարող եմ այդ հարցը թե ոստիկանությունում, թե կառավարությունում բարձրացնել»,-ասաց Երիցյանը:
Այն բակը, որտեղ տեղի էր ունենում հանդիպումը, բավականին բարեկարգ էր: Բնակիչներն ասացին, որ այդ ամենն արվել է բնակիչների ջանքերով, սակայն անլուծելի է ոռոգման ջրի խնդիրը: Բնակիչները տներից դույլերով են ջուր բերում, որ այգիները մշակեն: Թաղապետարանը միայն խոտ հնձող սարք է նվիրել, ինչի համար եւս շնորհակալ են: Քաղաքապետի թեկնածուն ասաց՝ թե հենց դրա համար է ասում, որ յուրաքանչյուր բակ պետք է ունենա իր անձնագիրը, որտեղ կառանձնացվեն խնդիրները եւ եռամսյակը մեկ քաղաքապետն իր կատարված եւ կատարվելիք աշխատանքերը կզեկուցի բնակիչներին: Նա նաեւ ավելացրեց, որ իր նմանը չի կարող գալ խոսել եւ գնալ կորել, եթե ընտրվեց ուրեմն եռամսյակը մեկ պարտավոր է ելույթ ունենալ եւ հաշվետվություն տալ:



























