Ապրիլի 27-ին, «hetq.am» էլեկտրոնային պարբերականի լրագրողի ու ոստիկանի միջև Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպի պատճառով Վ. Ղուկասյանը (խմբ.-Դոգ) հեռացվել է աշխատանքից:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 27-ին, Երեւանի Հյուսիսային պողոտայում քաղաքացիական հագուստով ինչ-որ անձ հրել եւ վիրավորել է «Hetq.am»-ի լրագրող Անի Հովհաննիսյանին, ով այդ ժամանակ փորձել է պարզել, թե ինչու են ոստիկանները հորդորում այդտեղ կիթառ նվագող քաղաքացուն հավաքել իրերը եւ հեռանալ։

Միջադեպի կապակցությամբ NEWS.am-ը փորձել էր մեկնաբանություն ստանալ ոստիկանությունից: Հարցին, թե պատրաստվո՞ւմ են արդյոք ընթացք տալ տեղի ունեցածին, ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ ոստիկանապետին զեկուցվել է միջադեպի մասին: «Մենք տեղյակ ենք միջադեպից, տեսել ենք տեսանյութը: Ոստիկանության պետին զեկուցվել է եւ ոստիկանության պետի կողմից որոշում է ընդունվել ծառայողական քննություն անցկացնել»: Ահարոնյանը հավաստիացրել էր, որ մեղավորներն անպայման կպատժվեն: