Հայաստանի կառավարության բարձր հովանու ներքո ապրիլի 30-ից մայիսի 2-ը հայկական պատվիրակությունը կմասնակցի Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայանալիք եռօրյա AIM 2013 ամենամյա ներդրումային համաժողովին, ունիվերսալ ցուցահանդեսին եւ գործարար հանդիպումներին:
«AIM 2013»-ին կմասնակցեն շուրջ 70 երկրներից (Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Արաբական աշխարհ, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկա, ԱՊՀ երկրներ եւ այլն) մոտ 3000 մասնակից:
Միջոցառմանը կներկայացվեն Հայաստանի ներդրումային հնարավորությունները եւ առկա ներդրումային ծրագրերը: Միջոցառումը հարթակ կհանդիսանա մասնակից երկրների եւ հայ գործարարների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման, ընդլայնման, նոր գործարար հարաբերությունների ստեղծման եւ հետագա զարգացման համար:
Հայաստանից միջոցառմանը կմասնակցեն Զարգացման հայկական գործակալությունը, Արդյունաբերական զարգացման հիմնադրամը, ՀԲԱԿ-Հայաստանի Բերքի առաջմղման կենտրոնը, Էլբատ ՓԲԸ (էլեկտրոնիկա), Սիս Նատուրալը (հյութերի արտադրություն), Սամ-Հար ՍՊԸ (հյութերի արտադրություն), Եվրոկոմֆորտ ՍՊԸ (կահույքի արտադրություն), Էսկուլապ ՍՊԸ (դեղագործություն), Գնոմոն (ոսկերչություն), Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը:
Կներկայացվեն ներդրումային ծրագրերը հետեւյալ ոլորտներում՝ կահույքի արտադրություն, հյութերի արտադրություն, գյուղատնտեսություն:
Սույն ծրագիրը իրականացվում է ՀՀ կառավարության «Պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2013 թվականի ծրագիրը եւ միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն:
Միջոցառմանը հայկական ընկերությունների մասնակցությանը աջակցում են Զարգացման հայկական գործակալությունը եւ Արդյունաբերական զարգացման հիմնադրամը:




























