«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 29-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410.50 դրամ; Ապրիլի 26-ի համեմատ դոլարը թանկացել է 0,23%-ով կամ 0,54 դրամով: Այսպիսով՝ դոլարի 11 օր տեւած էժանացման գործընթացն ավարտվեց:
Բորսայում այսօր վաճառվել է 300 հազ. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում եւս նկատվում է դոլարի որոշ թանկացում: Դոլարն արդեն փոխանակման կետերի կողմից ընդունվում է 410.5 դրամով, վաճառքի փոխարժեքը 412-413 դրամ է:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր թուլացել է բոլոր հիմնական արժույթների նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերյալ առաջին եռամսյակի թույլ վիճակագրական տվյալների հրապարակումից հետո: Եվրոյին նաեւ օգնել է այն հանգամանքը, որ հանգստյան օրերին Իտալիայում վերջապես կառավարություն է ձեւավորվել: 1 եվրոն այսօր բարձրացել է մինչեւ 1.3085 դոլար:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.2559 ռուբլի: Դոլարը որոշ չափով թանկացել է ռուբլու նկատմամբ:




























