Կարծում եմ, արժե ԲՀԿ-ի մեր կոլեգաներին հիշեցնել, որ էական հնարավորություն իրենց տրված է եղել սրանից 4 տարի առաջ, երբ իրենց կուսակցության ցուցակով, բավական լուրջ թվով Երեւանի ավագանիներ ընտրվեցին, եւ 4 տարի շարունակ բոլոր հնարավորություններն ունեին ակտիվ աշխատելու, առաջարկներ, ծրագրեր իրագործելու, բարելավելու մեր քաղաքացիների կյանքը, այլ ոչ թե պասիվ, կրավորական պահվածք դրսեւորելու եւ այսօր էլ ասելիք չունենալու: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել ՀՀԿ անդամ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Նրա հայտարարությունում նաեւ ասվում է.

«Այնպես որ, այն հորդորը քաղաքացիներին, թե այսօր դուք նոր հնարավորություն եք ունենալու փոխելու իրականությունը, հավատալու հիմքեր չի ներշնչում, որովհետեւ իրենք իրենց ունեցած հնարավորություններն այս տարիների ընթացքում չօգտագործեցին: Իմիջիայլոց, նույն կերպ չի օգտագործել նաեւ ՀԱԿ-ը, որի ավագանիներն ընդհանրապես չեն բարեհաճել անգամ նիստերին ներկայանալ, ստանձնել իրենց պարտավորությունները , այն դեպքում, որ որոշակի թվով ընտրողներ, իրենց քվեն տալով, պարտավորեցրել էին վերջիններիս աշխատել, լինել ակտիվ, իրագործել խոստումները, որոնք իրենք դեռ այն ժամանակ էին տրվել:

Եվ հիմա անհասկանալի է, թե այս ի՞նչ ոգեւորությամբ են գրոհում Երեւանը. Բացատրությունը, թերեւս, այն է, ինչը մենք բազմիցս ընդգծել ենք, որ Երեւանի ընտրությունները այս ընտրառատ տարվա տրամաբանական ավարտն են լինելու, եւ սրանից հետո 3-4 տարի ընտրական իմաստով պասիվ տարիներ են հաջորդելու, ու, բնականաբար, իրենք հնարավորություններ չեն ունենալու:

Հարգելի գործընկերներ, մենք հասկանում ենք, որ սա ձեր վերջին շանսն է, բայց սա չի նշանակում, որ պետք է նպատակը դա դարձնել, նպատակը մեկը պետք է լինի՝ աշխատել բարելավել մարդկանց կյանքը , ոչ թե ձեր շանսերն օգտագործել՝ միայն ձեր տեղերն ապահովելու համար:

Պարոն Օսկանյանի հնչեցրած այն միտքը, որ Երեւանի քաղաքապետի աթոռը Երեւանի վարչապետի աթոռ է, եւս մեկ ապացույց է, որ իրենց մտադրությունը՝ գոնե Երեւանի շրջանակներում վարչապետ լինելն է, եթե այլ շրջանակներում վարչապետ լինել չի հաջողվում: Բայց ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ Երեւանի քաղաքապետի աթոռը, ինչպես վարչապետինը՝ աշխատելու, մարդկանց խնդիրները լուծելու, չարչարվելու աթոռ է:

Ինչ վերաբերում է իշխող ուժին եւ նրա վարած տնտեսական քաղաքականությանը հակակշիռ լինելուն , ապա ես հեռու եմ կարծիքից, թե իմ կողմից շատ հարգված պարոն Օսկանյանը չի տիրապետում մեր երկրի օրենքներին: Ենթադրում եմ, որ շատ լավ գիտի եւ՛ տեղական ինքնակառավարման մարմինների օրենսդրությունը, եւ՛ Երեւանի մասին օրենքը, ինչպես նաեւ, լավ հասկանում է՝ ով է վարում տնտեսական քաղաքականությունը: Կարծում եմ, որ շատ լավ հասկանում է նաեւ, որ որեւէ քաղաքի, անգամ մայրաքաղաքի ավագանին կամ քաղաքապետը երբեք չեն կարող դուրս լինել երկրի քաղաքական համակարգի ընդհանուր ուղեծրից , այսինքն՝ սա նշանակում է, որ նման պնդումներ անելով ՝ պարզապես ուզում են մոլորության մեջ գցել ընտրողին:

Իսկ ինչ վերաբերում է կոչերին, թե վստահելով ԲՀԿ-ին՝ սկիզբ կդրվի քաղաքական մթնոլորտի առողջացմանը, մրցակցության ու հակակշիռների մեխանիզմի հաստատմանը եւ այլն, ես կարծում եմ, որ այդ «առողջացումը» Հայաստանի այլ քաղաքներում, որտեղ որ ԲՀԿ-ն ունեցել է եւ ունի իր քաղաքապետերը, արդեն երեւացել է, եւ սրան եւս երեւանցիներն առանձնապես չեն խաբվելու:

Սա Երեւանի ընտրողի եւ ընդհանրապես՝ ընտրողի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում է՝ երբ ուզում ես բացարձակ սուտը ներկայացնել ինչ-որ գայթակղիչ երեւույթի ձեւով: Մեր ընտրողները տրամաբանող եւ զարգացած մարդիկ են, ովքեր շատ լավ հասկանում են, թե ինչպիսին է, կամ ինչպիսին կարող է լինել քաղաքի բյուջեն, թե ինչ խնդիրներ կարող են լուծվել ներկայիս բյուջեի հնարավորություններով, եւ նորից եմ ասում՝ բազմաթիվ համայնքներում, որտեղ այժմ էլ մեր Բարգավաճ բարեկամները համայնքապետեր ու քաղաքապետեր են, կարող են ասել, թե արդյո՞ք իրենք ի վիճակի են եղած բյուջետային հնարավորություններով ժողովրդի կողմից բարձրացված բոլոր խնդիրները լուծել: Եթե դա այդպես է, ուրեմն եկեք նրանցի՛ց պահանջենք այս խնդիրների լուծումները:

Կարող եմ միայն մեկ բան ավելացնել՝ պարոն Օսկանյանի հերթական գրառման մեջ կրկին ցայտուն են դեմագոգիան եւ կեղծ շեշտադրումները: Կոնկրետ ասֆալտապատման հետ կապված պետք է նշեմ, որ անցյալ տարի Երեւանում աննախադեպ քանակի ասֆալտապատում իրականացվեց եւ՛ կենտրոնական փողոցներում, եւ՛ կարեւոր նշանակություն ունեցող քաղաքային մայրուղիներում, որոնք կենտրոնը կապում են քաղաքի ծայրամասերի հետ, ինչպես նաեւ՝ երկրորդական փողոցներում, եւ, որ շատ կարեւոր է, հսկայածավալ ասֆալտապատում եւ բարեկարգում իրականացվեց բակային տարածքներում: Սա քաղաքացիների աչքի առջեւ է եւ ամեն ոք իր վրա է զգում: Անցյալ տարվա ընթացքում, երբ այս ծավալի ասֆալտապատման աշխատանքներ էին իրականացվում, բազմաթիվ անգամներ մեզ դիմել են քաղաքացիներ՝բողոքով, թե ինչու չի ասֆալտապատվում, ասենք, Չարենցի փողոցը, կամ մեկ ուրիշը, որին մեր պատասխանն է եղել՝ այսօրվա բյուջետային հնարավորություններն այսքանն են , իսկ մյուս տարիների ընթացքում կարվեն նաեւ հաջորդները: Այսօր, օրինակ, արդեն բարեկարգվում է հենց Չարենցի փողոցը եւ այլ փողոցներ նույնպես, որոնք բացարձակ անմխիթար, անսարք վիճակում էին: Այսինքն՝ ասել, թե կենտրոնի անփոս ասֆալտները քանդում, նորն են լցնում, դա պարզապես խաբեություն է:

Մենք մեր խնդիրը չենք դարձրել որեւէ մեկի քննադատությանը պատասխանելն ու հակադարձելը , որովհետեւ մեր խնդիրը մենք տեսնում ենք միայն ու միայն երեւանցուն տեսանելի լինելու մեջ, որ մեր աշխատանքը թափանցիկ լինի՝ շահելով երեւանցու, քաղաքացու, ընտրողի ու բնակչի վստահությունը, եւ մեր մանրամասն անդրադարձն այս հարցերին, նպատակ ունի պարզապես աշխատելու այնպես, որ մեր բնակիչները իրականությունն իրենց աչքերով տեսնեն եւ իրենք որոշումներ կայացնեն՝ արածի ու չարածի, հետագա ծրագրերի ու դրանք իրագործողների մասին: