Մայիսի 5-ին, որպես «բարեւի հեղափոխության» շարունակություն, մենք կունենանք նոր իշխանություն Երեւանում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, Երեւանի Դավիթաշեն թաղամասի ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ քարոզարշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը հարգելի մրցակիցներ են: «Բոլոր մրցակիցները, սկսած Անդրանիկ Մարգարյանի որդուց՝ Տարոնից, իմ գործընկեր Վարդան Օսկանյանը, Արմեն Ռուստամյանը, ով ներկայացնում է մի կուսակցություն, որի անդամ են եղել իմ պապերը, Վահագն Խաչատրյանը, նույնպես լավ մարդ, «Առաքելություն» կուսակցությունը եւ ՕԵԿ-ի թեկնածուն, հարգելի նախարար Արմեն Երիցյանը, ով այլ անելիք չունի բացի Արմեն Մարտիրոսյանի հետ իմ ձեռքսեղմումը մեկնաբանելուց: Ես պատրաստ եմ սեղմել Արմեն Երիցյանի ձեռքը: Երիցյան դուք էլ եկեք, ես ձեր ձեռքը կվերցնեմ , դուք էլ եկեք, հայ մարդ եք, հայաստանցի տղամարդ»
Հովհաննիսյանը նշել է, որ շատ կարեւոր է, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը ծառայեն մայրաքաղաքին՝ անկախ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներից, իսկ այդ ընտրություններն, ըստ նրա կավարտվեն ժողովրդի հաղթանակով: «Ես ձեզ կոչ եմ անում քվեարկել քվեաթերթիկի 3-րդ համարի օգտին: «Բարեւ Երեւան» դաշինքը միակն է, որը մի կողմ է դրել կուսակցական պատկանելիությունը եւ պատրաստ է ծառայել ժողովրդին»,-ասել է նա:




























