Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, բացառությամբ Կենտրոն համայնքի մի քանի հատվածների, նույնական խնդիրներ կան, որոնք անհրաժեշտ է լուծել: Այդ մասին դավթաշեն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Բարեւ Երեւան» դաշինքը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը` նկատելով, որ սա արդեն երկրորդ հանդիպումն է վարչական այդ շրջանի բնակիչների հետ:
Նրա խոսքով, կա որակյալ ճանապարհների խնդիր, կանաչապատման խնդիր, նաեւ բարձրահարկների շահագործման հետ կապված խնդիրներ: «Դավթաշեն վարչական շրջանում կա կանաչապատ տարածքների ոռոգման խնդիրը, քանի որ շրջանում բազմաթիվ առանձնատներ կան, եւ անհրաժեշտ է լուծել ջրամատակարարման հարցերը»:
Մարտիրոսյանի խոսքով, հաղթանակից հետո «Բարեւ Երեւանը» երեւանցիներին կազատի կուսակցական կախվածությունից, պետական հաստատությունների աշխատակիցների վրա ճնշումներ չեն լինի, որոնք այժմ սպասարկում են Հանրապետական կուսակցությանը:




























