Երեւանի քաղաքապետը պետք է ընտրվի ուղիղ քվեարկությամբ, այլ ոչ ավագանու ընտրությունների միջոցով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ով զբաղեցնում է առաջին համարը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակում Երեւանի ավագանու ընտրություններում:
Ապրիլի 29-ին կայացած մամուլի ասուլիսում քաղաքապետի թեկնածուն հայտարարել է, թե իր առջեւ 3 հիմնական նպատակներ է դնում` կառավարման փիլիսոփայության փոփոխություն, քաղաքապետի աշխատանքի թափանցիկություն եւ հրապարակայնություն: «Երեւանի քաղաքապետը պետք է պարբերաբար բաց դռների օր անցկացնի, հանդիպի բնակիչների հետ, այցելի քաղաքի թաղամասերը, երթեւեկի հանրային տրանսպորտով, փողոցում քայլի առանց թիկնազորի»,- ասել է Վարդան Օսկանյանը:
Նա նաեւ քննադատել է Ընտրական օրենսգիրքը, ըստ որի 40 տոկոսից ավելի հավաքած ուժը, որ բացարձակ մեծամասնություն չունի, միեւնույն է` բացարձակ հաղթող է ճանաչվում եւ ստանում քաղաքապետ առաջադրելու իրավունք: «Հավանաբար նրանք գիտեին, որ 50 տոկոս չեն կարող հավաքել, եւ հուսալով, որ 40 տոկոս կհավաքեն, հարցն այդպես են կարգավորել»,- ասել է Օսկանյանը:




























