Հայաստանում խեղաթյուրվել են ինչպես իշխանություն, այնպես էլ ընդդիմություն հասկացությունները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախկին նախարար, «Բարգավաճ Հայաստանից» ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանն, այսօր՝ ապրիլի 29-ին կայացած մամուլի ասուլիսում:

Ներկայացնելով իր տեսակետը` Օսկանյանը նշել է, թե Հայաստանում իշխանություններն իրենց նույնացնում են պետության հետ: Ընդ որում, օգտագործվում են պետական միջոցներ այդ իշխանության վերարտադրության համար, ընդդիմության ճշնումներ, հետապնդումներ: Ընդդիմությունն, իր հերթին, եւս խեղաթյուրված է, կամ այն աշխատում է իշխանությունների հրահանգով եւ իր բոլոր գործողությունները համաձայնեցնում նրա հետ, կամ այն ընդդիմությունն է, որ լսել չի ուզում երկխոսության մասին: Խոսելով բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին (այդ մասին խոսել էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը-խմբ.) Վարդան Օսկանյանն առաջարկել է թողնել ձեւակերպումները, բայց հիշել, որ իշխանությունների ընդդիմախոսները պետության թշնամիները չեն:

ԲՀԿ-ի գործունեության մասով Օսկանյանը խորհուրդ է տվել գնահատականներ տալ միայն վերջին մեկ տարվա համար: Նախկինում իրավիճակը, ըստ նրա, այլ էր: Նա նաեւ նշել է, որ քանի դեռ քաղաքական մենաշնորհ կա, իշխանությունը կենտրոնացած է նրա ձեռքում: Ըստ Օսկանյանի, կոալիցիային մաս կազմող ՕԵԿ-ն էլ քիչ բանի համար կարող է պատասխան տալ: «Նրանք այնտեղ ձեւական են: Իրենց խոսքն ուժ չունի»,- ասել է Օսկանյանը:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am