Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովն այսօր՝ ապրիլի 30-ին, սկսեց քննարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը: Այս փոփոխությունները պայմանավորված են շրջանառության հարկի ներդրմամբ եւ նպատակ ունեն պարզեցնել անհատ ձեռներեցների, արտանագրային վճար եւ հաստատագրված հարկ վճարողների կենսաթոշակային հատկացումները:
Մասնավորապես՝ առաջարկվում է, որ այդ կատեգորիայի տնտեսվարողները ամսական 5 հազ. դրամ վճարեն որպես կուտակային կենսաթոշակային վճար, որին պետությունը կավելացնի եւս 5 հազ. դրամ:
Այս քննարկման ժամանակ բանավեճ ծագեց պատգամավոր Հրանտ Բագրատյանի եւ հարցը ներկայացնող ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի հետ:
Նախկին վարչապետ Հ. Բագրատյանը հայտարարեց, որ Հայաստանում ներդրվող կուտակային կենսաթոշակային համակարգը որեւէ առնչություն չունի էստոնական մոդելի հետ, ինչպես ներկայացվում է ֆինանսների նախարարության կողմից;
Վ. Արամյանը չհամաձայնեց այդ գնահատականի հետ եւ օրինակ բերեց այն, որ Էստոնիայում աշխատողները 2% հատկացում են կատարում կուտակային ֆոնդին, որին պետությունը հավելում է եւս 4%:
Դրանից հետո Հ. Բագրատյանը ֆինանսների փոխնախարարին մեղադրեց ապատեղեկատվություն տարածելու մեջ, քանի որ, ըստ նրա, 4% մասհանումը կատարում է գործատուն, ոչ թե պետությունը:
Սակայն Վ. Արամյանի պարզաբանումից պարզ դարձավ, որ պետությունը իրեն հասանելիք սոցապվճարների 33% դրույքաչափը թույլ է տալիս նվազեցնել 4%-ով, այսինքն՝ ֆորմալ առումով վճարում է գործատուն, սակայն ըստ էության՝ դա պետության եկամուտների հաշվին իրակացվող վճար է:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























