Հայաստանի գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն, այսօր՝ ապրիլի 30-ին, խորհրդակցության էր հրավիրել նախարարության համապատասխան ստորաբաժանումների եւ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին` քննարկելու «Գյուղատնտեսական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման գործընթացը:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ «Պարենային ապահովության տեղեկատվական համակարգի հիման վրա կայացվող որոշումների բարելավման Եվրոպական հանձնաժողովի Արեւելյան գործընկերության» ծրագրի մշակման աշխատանքային խմբի անդամ Վարդան Ուռուտյանը ներկաներին ներկայացրել է «Կոոպերատիվների օրենսդրական բարեփոխումների Հայաստանի համար նախատեսված ուղեցույցը»:

Ծավալված շահագրգիռ քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են կոոպերատիվների կարեւորության, վերջիններիս տնտեսական ազդեցության, սոցիալական արժեքի, միջազգային իրավական հիմքերի եւ օրենսդրական կարգավորման ներկայացված կարեւոր այլ հարցերի:

Ամփոփելով քննարկումը` նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը մեկ անգամ եւս կարեւորել է նշված օրենքի անհրաժեշտությունը Հայաստանի գյուղատնտեսության համար եւ գոհունակություն հայտնել օրենքի նախագծի մշակման գործընթացի վերաբերյալ: