Առանձին-առանձին իշխանությունների մոնոլիտ դրվածքը չի կարող փոխվել, եթե չմիանանք: Այս մասին, այսօր` ապրիլի 30-ին, «Սիվիլիթաս» հիմնադրամի նախաձեռնությամբ հրավիրված քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:

Նա նշեց, որ նախագահական ընտրություններում չստացվեց միավորվել, ավագանու ընտրությունների  նախընտրական շրջանում չհաջողվեց միավորվել, թեեւ մինչ փաստաթղթղերը ԿԸՀ ներկայացնելը, քննարկումներ եղել են: «Բայց դեռ ամեն ինչ կորած չէ, կարող ենք ավագանիում բոլորս մեր ձայները գումարել, ոչ իշխանական ուժերով մեր միջից առաջադրել ընդդիմադիր քաղաքապետ: Սա իրատեսական է, այդ ճանապարհով կարելի կլինի այս ընտրությունները վերածել ոչի հանրաքվեի: Եթե դա չարեցինք, այն, ինչ ուզում ենք, չի ստացվի»,- ասաց նա` շեշտելով, որ պետք է հայտարարել, որ եթե անցնում ենք ավագանի, ապա չենք միանում իշխանությանը, միանում ենք իրար հետ, որպեսզի կարողանան քաղաքապետ ընտրել մեր միջից:

Իսկ ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը` Վարդան Օսկանյանը, ասաց, որ եթե բոլորս խնդիր ենք դնում քաղաքական հակակշիռ ստեղծել, դա հնարավոր է միայն ու միայն, եթե ոչ իշխանական ուժերը մեծամասնություն կազմեն: «Մեր խնդիրը դա պետք է լինի, որ թույլ չտանք, որ ՀՀԿ-ն մեծամասնություն կլինի»,- ասաց նա` շեշտելով, որ եթե հանձնաժողովներում, տեղամասերում  մեծամասնություն կազմելով քաղաքական կամք դրսեւորեն եւ կարողանան ձայները պահել, իսկ ժողովուրդը հավատա եւ քվեարկի իրենց, ապա, Վարդան Օսկանյանի կարծիքով, մայիսի 6-ին հնարավոր է ունենալ ոչ իշխանական ուժերի քաղաքապետ:

ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ արդար ընտրությունների դեպքում ՀՀԿ-ն չի կարող ունենալ 40 եւ ավելի տոկոս, նա իր նախընտրական հանդիպումներին է տեսնում, որ ժողովուրդը հոգնած  եւ զզված է  այս իշխանություններից:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am