ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչեւը Խորհրդային Միության թիվ մեկ դավաճանն է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քթարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Նրա խոսքով՝ Մոսկվայում ինքը բազմիցս բարձրացրել է Գորբաչեւին քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության հարցը՝ ԽՍՀՄ-ը փլուզելու համար: «Մոսկվայում կան բարձրակարգ իրավաբաններ, ովքեր միացել են իմ կոչին, սակայն կան որոշակի նրբություններ, որոնք ինձ անհայտ պատճառներով խանգարում են դատել Գորբաչեւին»,-ասել է Թովմասյանը:

Նա հերթական անգամ ընդգծել է, որ հենց Գորբաչեւն է փլուզել երկիրը, «նա ավելի մեծ վնաս է տվել, քան Ադոլֆ Հիտլերը», որի պատճառով ավելի քան 27 մլն խորհրդային մարդ իրենց կյանքն են զոհաբերել ֆաշիստական Գերմանիայի դեմ պայքարում: «Իսկ ի՞նչ տեղի ունեցավ խաղաղ պայմաններում. Ֆաշիզմն արմատախիլ արած ժողովուրդը հավատաց դավաճան Գորբաչեւին եւ ինչ-որ «վերակառուցման» ուղին բռնեց»,-ամփոփել է Կոմկուսի ղեկավարը: