Հայաստանի Կոմկուսի առաջնորդ Ռուբեն Թովմասյանը երազում է, որ մայիսմեկյան (աշխատավորի օրը) տոնը նշվի նույնպիսի հանդիսավորությամբ, ինչպես խորհրդային ժամանակներում։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է անձամբ Ռուբեն Թովմասյանը։

Նրա խոսքով՝ խորհրդային ժամանակներում շքերթ էր կազմակերպվում, երթով անցնում էին արտադրական ձեռնարկությունները, երկրի ղեկավարությանը զեկուցում էին իրենց ձեռքբերումների մասին, ապա անցնում էին Գիտությունների ազգային ակադեմիան, Գրողների միությունը, ապա՝ գյուղատնտեսական ձեռնարկությունները, բոլոր սպորտային կազմակերպությունները, պիոներները, ուսանողները. «Բոլորն էլ զեկուցում էին իրենց ձեռքբերումների մասին», - նշել է Թովմասյանը՝ հավելելով, որ մայիսի 2-ին ժողովուրդն իջնում էր Զանգվի ձոր՝ խորովածային կերուխում կազմակերպելու։

Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը հատկապես ընդգծեց. «Վերջին 23 տարվա ընթացքում տոնը երկրում որպես այդպիսին չի նշվում»։

Ռուբեն Թովմասյանը նաեւ տեղեկացրեց, որ վաղը, մայիսի 1-ին, ժամը 12:00-ին, Երեւանի կենտրոնում, Մարտիրոս Սարյանի արձանի մոտից մեկնարկում է մայիսի մեկին նվիրված կոմունիստների հանդիսավոր երթը մայրաքաղաքի գլխավոր պողոտայով, իսկ Ստեփան Շահումյանի հուշարձանի առջեւ տեղի կունենա Հայաստանի կոմունիստական կուսակցության հանրահավաքը։