Հայաստանում աղբահանության մաֆիա է գործում, եթե չգիտեն, թող իմանան, աղբահանությունը մեծ բիզնես է` հսկայական գումարներով, ատկատներով, որից չի շահում երեւանցին, այլ շահում են մի խումբ մարդիկ, որոնք զբաղվում են այդ բիզնեսով: Այս մասին այսօր` ապրիլի 30-ին, «Սիվիլիթաս» հիմնադրամի նախաձեռնությամբ հրավիրված քննարկմանն ասաց ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ այդ մարդկանց ձեռ չի տալիս, որ որեւէ առաջադեմ փորձ իրականացվի աղբահանության խնդիրները Երեւանում լուծելու համար, որովհետեւ թույլ չեն տա այդ մոնոպոլիան որեւէ մեկի ձեռքից վերցնել:

Քննարկման մյուս մասնակիցները եւս համաձայնեցին, որ Հայաստանում աղբահանությունը լուրջ բիզնես է: ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը նշեց, որ Երեւանում այսօր աղբահանությունը գրավիչ է բիզնեսի համար, եւ եթե վերընտրվում է իշխանությունը, դա նշանակում է` մենք աղբի մեջ կորած ենք: Նա նշեց, որ խնդիրը լուծելու համար օրինակ կարելի է գնալ հարեւան Վրաստան, մի քանի օր նստել Թբիլիսիում, տեսնել, թե ինչպես են այնտեղ մաքրում, գալ եւ նույնը այստեղ անել:

«Բարեւ Երեւան» համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ եթե կա ցանկություն խնդիրը լուծելու, ապա եղանակները տարբեր են, հնարավոր է շատ արագ դա կազմակերպել: Օրինակ` նրա կարծիքով` աղբի վերամշակումը պետք է լինի ամբողջական, ոչ մասնակի:

«Առաքելության» ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանն էլ կարծիք հայտնեց, որ քաղաքապետարանից հասարակության սպասելիքները այնքան ցածր են, որ նրանք ցանկանում են, որ գոնե իրենց համար աղբահանության խնդիրները լուծեն: Նա նշեց, որ աղբահանության համար բնակչությունից հավաքվող գումարները լրիվ բավական են այդ խնդիրը լուծելու համար: Մեսրոպ Առաքելյանի կարծիքով` համատիրությունները եւս պետք է վերացվեն, դրանց վրա մեծ գումարներ են ծախսվում, իսկ  կենտրոնացաված կառավարման պարագայում եւ աղբահանությունը, եւ բազմաբանակարան շենքերի մի շարք խնդիրներ կարող են լուծվել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am