Ադրբեջանում պատրաստվում են համաներում հայտարարել: Համապատասխան առաջարկությամբ հանդես է եկել Ադրբեջանի առաջին տիկին, Հեյդար Ալիեւ հիմնադրամի նախագահ, պատգամավոր Մեհրիբան Ալիեւան: Տիկին Ալիեւան արդեն դիմել է խորհրդարանին:
Ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, նախաձեռնությունը նվիրված է Հեյդար Ալիեւի 90-ամյակին: Համաներման մասին ակտը խորհրդարանում քննարկման կհանվի մայիսի 7-ին: Համաձայն նախագծի, ազատ կարձակվեն հասարակության համար լուրջ վտանգ չներկայացնող եւ թեթեւ հանցագործությունների համար ձերբակալված կանայք, I եւ II կարգի հաշմանդամները, «Ադրբեջանի պետականության եւ տարածքային ամբողջականության համար մղված պայքարի մասնակիցները, Ադրբեջանի տարածքների մի մասի շրջափակման հետեւանքով ստիպողաբար մշտական բնակության վայրը փոխածները», ինչպես նաեւ մի քանի այլ կատեգորիաների պատկանող անձինք: Ըստ այդ ակտի` ակնկալվում է ավելի քան 2 հազար դատապարտյալների ազատ արձակում:
Թեեւ այդ Ակտը ձեւականորեն նվիրված է Ադրբեջանի ժողովրդի հոր 90-ամյակին, ակնհայտ է նրա մեկ այլ ուղղվածությունը` ընթացիկ տարվա հոկտեմբերին Ադրբեջանում կկայանան նախագահական ընտրություններ եւ Ադրբեջանի իշխանություններն ամեն ճիշտ եւ կեղծ ճանապարհներով ցանկանում են ստանալ առավելագույն քվեներ: Սակայն, ցանկանալով ձեռք բերել դատապարտյալների եւ նրանց ընտանիքների աջակցությունը, հարեւան երկրի կառավարությունը փաստացիորեն հաստատում է իր անկայունությունը:




























