Այսօր Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակները գլխավորող անձինք բանավիճել են «Սիվիլիթաս» հիմնադրամում, որին սակայն Չեն մասնակցել ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը: Ըստ այդմ, բանավիճել են քաղաքապետի թեկնածուներ  «Առաքելությունից»` Մեսրոպ Առաքելյանը, ԲՀԿ-ից` Վարդան Օսկանյանը, «Բարեւ Երեւանից» `Արմեն Մարտիրոսյանը, ՀԱԿ-ից` Վահագն Խաչատրյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը (ֆոտոռեպորտաժ):

Բանավեճի ժամանակ քննարկվել են երեւանցիներին  հուզող մի շարք խնդիրներ, առաջարկվել լուծման տարբերակներ: Նրանք, մասնավորապես, անդրադարձել են աղբահանության, գործազրկության եւ քաղաքային տնտեսության մի շարք այլ խնդիրների:  Բանավեճի մասնակիցները շատ հարցերում համամիտ էին, օրինակ` այն, որ անլուծելի խնդիրներ չկան, եթե կա քաղաքական կամք, ժողովրդի կողմից ձեւավորված իշխանություն, ապա կարելի է լուծել քաղաքային տնտեսության բոլոր խնդիրները:

Վահագն Խաչատրյանը նշեց, որ քաղաքապետի պաշտոնը երկու մասից է բաղկացած` քաղաքական եւ քաղաքային իշխանության: Մեսրոպ Առաքելյանի կարծիքով`  քաղաքային իշխանության արդյունավետ կառավարման պարագայում հնարավոր է լուծել մի շարք խնդիրներ: Վարդան Օսկանյանը շեշտեց, որ Երեւանի քաղաքապետը դա Երեւան քաղաքի վարչապետն է, Երեւանի տնտեսությունը` Հայաստանի տնտեսությունն է, իսկ գործազրկության խնդիրը բոլորի խնդիրն է, բայց իրենք ունեն կոնկրետ լուծումներ: Նրա խոսքով` մինչեւ քաղաքական մենաշնորհը չվերանա, խնդիրները չեն լուծվի: «Այնպիսի պարզ, լուծելի խնդիրներ կան, որոնք կարծես մինչեւ հիմա պետք է լուծված լինեին, բայց չեն լուծվում, որովհետեւ քաղաքական մենաշնորհը թույլ չի տալիս: Եթե գնացինք այս դիտավորությամբ, կարող ենք սկիզբ դնել արմատական փոփոխությունների ոչ միայն Երեւանում, այլեւ՝ ողջ հանրապետությունում»,- ասաց նա:

Արմեն Ռուստամյանը շեշտեց, որ Երեւանը Հայաստանի մի մասն է, ունի այն բոլոր խնդիրները, ինչ ամբողջ երկիրը, դրանց լուծումը մեկն է` օր առաջ ազատվել այս իշխանությունից, ունենալ իշխանության ապակենտրոնացում, որի միջոցով հնարավոր լինի բարձրացնել հարցերը: Նրա կարծիքով` ազգայինից մինչեւ աղբահանության հարցը ամբողջը կծիկ է, որը կարող է բացվել եւ լուծվել այս իշխանությունից ազատվելու դեպքում:  Արմեն Ռուստամյանի խոսքով`  քաղաքապետն իրականում լծակներ ունի քայլեր անելու, սակայն չի արել, որովհետեւ ինքնուրույն չէ, բայց նոր քաղաքապետը պետք է ապացուցի ժողովրդին, որ երկրում ինչ-որ բան փոխվելու է: 

ՀՅԴ-ական թեկնածուի խոսքով`  համակարգն է փչացած, դրանից էլ ամեն ինչ բխում է, պետք է լինի արդար, թափանցիկ, հակակշռման համակարգ Հայաստանում, եւ եթե չկարողացանք նախագահին փոխել, կարող ենք փոխել քաղաքապետին, եթե չփոխվեց, բոլոր խնդիրները շարունակվելու են մնալ նույնը:

Իսկ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ սոցիալ-տնտեսական խնդիրները կարեւորագույնն են երեւանցիների համար, մայրաքաղաքը դարձել է սուպերմարկետների վայր, սա առաջին հերթին վնաս է փոքր եւ միջին բիզնեսին:

Բանավեճի մասնակիցների համար կարծես զարմանալի չէր ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի բացակայությունը: Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ բնականաբար գործող քաղաքապետը չէր կարող մասնակցել, որովհետեւ գար, ի՞նչը ներկայացներ: Իսկ Արմեն Ռուստամյանը նկատեց, որ կոալիցիոն ուժերի բացակայությունը ազդակ է, մարդիկ չեն պատրաստվում վերընտրվել, պատրաստվում են վերարտադրվել, եթե նրանք պատրաստ լինեին վերընտրվել, կներկայանային, բայց նրանք ընտրողին ներկայանալու, համոզելու խնդիր չունեն:

Երբ քննարկմանը մնացել էր ընդամենը 20 րոպե, «Մոսկվա» կինոթատրոն եկավ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա նշեց, որ 20 րոպե այստեղ էր, սակայն իրեն ներս չէին թողնում` պատճառաբանելով, որ արդեն հաղորդումն ավարտվել է եւ հետո, իրենց ասել էին, թե քննարկումը «Անի պլազա» հյուրանոցում է լինելու: Հովհաննես Մարգարյանն ասաց, որ ՕԵԿ ցուցակը գլխավորող Արմեն  Երիցյանն այս պահին հանդիպման է, իրենք կիսում են հնչած մտահոգությունները, պատրաստ են իրենց մասնակցությունն ունենալ իրենց փորձված, հզոր թիմով: Դահլիճում հավաքված քաղաքացիները, որոնք հարցեր էին ուղղում թեկնածուներին, պահանջեցին իշխանության թեկնածուից պատասխանել իրենց հարցերին` կապված կանաչ տարածքների, ապօրինի շինությունների եւ մնացածի հետ: Բայց քանի որ քննարկմանը մասնակցում էին ցուցակների առաջին հորիզոնականները զբաղեցնող անձինք, ուստի այն շարունակվեց հենց նույն ֆորմատով:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am