Երեւանում մարզերի բնակիչներ գրանցելու` ընդդիմադիր ուժերի տարածած խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ոստիկանության վիզաների եւ անձնագրային վարչության պետ Հովհաննես Քոչարյանը: Նրա խոսքով՝ Երեւանում գրանցվող մարզաբնակների թիվը վերջին շրջանում չի գերազանցում սովորական մակարդակը եւ ընտրությունների պատրաստությամբ չի խթանվել: «Այսպիսով, ընդդիմության տարածած լուրերը ոչնչով հիմնավորված չեն: Եթե խոսենք վերագրանցվածների մասին, տարվա սկզբից Երեւանում գրանցվել է 4518 քաղաքացի, հաշվառումից հանվել է 7061-ը»,- ասել է Քոչարյանը:
Հովհաննես Քոչարյանի խոսքով՝ ապրիլի 24-ի դրությամբ Երեւանում հաշվառված է 816 հազար ընտրող: Մարտի 25-ին այդ թիվը եղել է 817 հազար 814, այսինքն ոչ միայն չի ավելացել, այլեւ նվազել է: Ընտրություններից անմիջապես առաջ կհրապարակվի վերջնական թիվը: Նա ուշադրություն է հրավիրել հանգամանքի վրա, որ ի տարբերություն խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կարող են մանսակցել նաեւ օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք: Այդ պատճառով, նախագահական ընտրությունների համեմատ ընտրացուցակներում ընտրողների թիվն աճել է 3375-ով: Նրանցից 967-ը փախստականներ են, որոնք քվեարկելու իրավունք ունեն, 1276-ը` կեցության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք, 347-ը` ռեզիդենտի կարգավիճակով անձինք, 334-ը` ՌԴ քաղաքացիներ միջպետական հաշվառմամբ:
Մեկնաբանելով մարզերի բնակիչների զանգվածային հաշվառումների մասին ընդդիմադիր ուժերի հայտարարությունները` Քոչարյանն ասել է, թե այդ հայտարարությունները քաղաքական ենթատեքստ ունեն: «Որքան մոտենում են ընտրությունները նման հայտարարություններում ցինիզմի բաժինն ավելանում է: Սակայն հայտարարում եմ, որ նման շշուկները չեն համապատասխանում իրականությանը: Նման հայտարարությունների տեխնոլոգիան վաղուց հնացել է»,- ամփոփել է Քոչարյանը:




























