30-ամյա Արսեն Փիլոյանը «Տիտան» խանութի մոտից բռնություն գործադրելով եւ խաբեությամբ առեւանգել է Արմինե Ն.-ին: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 30-ամյա Արսեն Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով իր ընկեր ոմն Ալիկի եւ քննությամբ չպարզված անհայտ անձի հետ Երեւան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի վրա գտնվող «Տիտան» խանութի մոտ Արմինե Ն.-ին խաբեությամբ` տուն տանելու պատրվակով, նստեցրել է դեռեւս չպարզված «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որից հետո կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, առեւանգել է վերջինիս ու տարել Գյումրի քաղաք:
Գյումրիում Արսեն Փիլոյանը բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Քրեական գործ է հարուցվել 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մարդու առեւանգումը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը ապրիլի 29-ին ուղարկվել է կողմերին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:



























