Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը Երուսաղեմի համաժողովի ժամանակ ընթերցված ուղերձում նշել է, որ չի կարողանում հասկանալ 1.5 միլիոն հայերի կոտորածը որպես ցեղասպանություն ճանաչելու՝ Իսրայելի մերժումը: Այս մասին տեղեկացնում է «The Jerusalem Post»-ը:
Հայկական պատրիարքը կարծիք է հայտնել, որ եթե Միացյալ Նահանգներն ընդուներ պատմական ողբերգական փաստը, Իսրայելը նույնը կաներ: Պատրիարքի ուղերձն ընթերցվել է Հրեական համալսարանում, որտեղ պրոֆեսոր Մայքլ Սթոունը, ով համալսարանին կից Ասիական եւ աֆրիկյան հետազոտությունների ինստիտուտի հայկական ուսումնասիրության ծրագրի հիմնադիրն է, ամեն տարի սիմպոզիում եւ միջոցառում է կազմակերպում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:Իսրայելի հայերին եւ հրեաներին ուղղված ուղերձում Նուրհան Մանուկյանը գրել է. «98 տարիների ընթացքում այնքան ջանք է ներդրվել, որպեսզի թուրքերը ճանաչեն, որ ցեղասպանություն են իրագործել, բայց թուրքերը շարունակում են հերքել»: Ուղերձի սկզբում Պատրիարքը մեջբերել է Նապոլեոն Բոնապարտին, ով ասել է. «Աշխարհը տառապում է ոչ թե վատ մարդկանց բռնարարքներից, այլ լավ մարդկանց լռությունից»:




























