Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանը եւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն անհամաձայնություն են ունեցել Պռոշյանի դպրոցի տնօրենի ընտրությունների հետ կապված, ինչի արդյունքում Պռոշյան գոյւղը շուրջ 6 ամիս է, ինչ դպրոցի տնօրեն չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին Պռոշյանի բնակիչները: Պռոշյանի գյուղապետի տեղակալ Վովա Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ մոտ 6 ամիս է ինչ դպրոցը ղեկավարում է ժամանակավոր պաշտոնակատարը` Աննա Մկրտչյանը, իսկ նախկին տնօրենը` Մարիամ Պետրոսյանը, հեռացել է: Մայիսի 14-ին նոր ընտրություններ են նշանակված:
Գյուղացիների փոխանցմամբ՝ ամիսներ առաջ տեղի ունեցած մրցույթի ժամանակ հաղթել է Դավիթ Դավթյանը, սակայն մարզպետը նրա հետ պայմանագիր չի կնքել: Գյուղապետը եւս կողմ է եղել, որ դպրոցի տնօրեն նշանակվի Դավիթ Դավթյանը: Ինքը՝ Դավիթ Դավթյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում եւս հաստատեց, որ հայտարարված մրցույթում ինքը հաղթել է եւ գյուղապետը կողմ է եղել, որ ինքը նշանակվի տնօրեն: Նրա խոսքով՝ մարզպետը պայմանագիրը չի մակագրել, քանի որ չի ցանկացել, որ ինքն աշխատի: «Եթե մեկ տարվա մեջ տնօրեն չի ընտրվում կրկնակի քվեարկություն է արվում: Առաջին քվեարկության ժամանակ ես 4 ձայն եմ հավաքել, բայց առնվազն 5 ձայն պետք է հավաքվեր, որ անցնեի: Հետո կրկնակի քվեարկություն են արել, որին մենակ ես եմ մասնակցել եւ 5 ձայն եմ ստացել ու հաղթող ճանաչվել: Իրենք պատճառաբանում են, որ եթե մեկ հոգի էր, պետք է կրկնակի քվեարկություն չլիներ, սակայն իրավական ակտերի մասին օրենքում գրված է, որ եթե եզակի է` համարել հոգնակի: Ես որպես իրավաբան էլ եմ ասում: Հետո մարզպետը պետք է իմ հետ պայմանագիր կնքեր, որը չկնքեց»,- ավելացրեց Դավիթ Դավթյանը:
Հարցին, թե ինչ խնդիրներ է ունեցել մարզպետի հետ, ա պատասխանեց. «Նախկին տնօրենի ընտրությունների ժամանակ ինձ ասել էին իրեն ձայն չտաս, բայց ես տվել եմ: Դրա համար էլ քինախնդրություն է անում: Իբր ես իր ասածը չեմ արել: Ես իր հետ էլ եմ զրուցել: Ասացի, եթե անգամ չեք ուզում, եթե խորհուրդն ընտրի, ի՞նչ եք անելու: Նա էլ ասաց. «Ոչ մի բան, նշանակելու եմ»: Հետո ասաց կխանգարեմ թույլ չեմ տա, որ ընտրվի: Փաստորեն չի կարողացել խանգարել, ուրիշ բան է անում»:
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում արձագանքելով խնդրին ասաց, որ աշխատանքային պայմանագիր չի կնքել, որովհետեւ ընտրությունները խախտումներով են անցել: «ԿԳ նախարարության ընդունված կարգով հանձնաժողովում խումբ է ստեղծվել եւ խումբն ուսումնասիրելով մրցույթը, գտել է, որ խախտում է եղել, ինչի համար էլ ընտրությունների արդյունքները մարզպետի որոշմամբ չեղյալ են համարվել»,- ասաց Կոտայքի մարզպետը:
Հարցին, թե հրահանգե՞լ է Մարինե Պետրոսյանին ձայն չտալ, նա արձագանքեց. «Այդպիսի հիմար խոսակցությունները մեկնաբանելու հարկ չեմ տեսնում: Ես խնդրում եմ Պռոշյանի դպրոցի տնօրենի հարցը չսարքել քննարկման թեմա: Կգա ընտրության ժամանակը, թող Դավիթը նորից դնի: Կարող է այս անգամ օրինական լինի ընտրությունը, ես էլ ուզեմ-չուզեմ կնշանակեմ: Եթե Դավիթը գտնում է, որ ես անօրինական եմ գործել, թող դիմի դատարան»:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել:
Ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները: Որպես հիմնական կասկածյալ, լրատվամիջոցներում շրջանառվում է նաեւ գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը:
Ապրիլի 5-ին Արայիկ Պետրոսյանը կալանավորվել էր, իսկ քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա Արտակ Պետրոսյանն ազատվել էր արգելանքից: Գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից՝ առջեւի աջ կողմի մեջտեղի հենակի ներսի կողմից, առջեւի ձախ դռան շրջանակից եւ պաստառի ներսի կողմից, համեմատական հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:
Արգելանքից ազատվելուց օրեր անց Արտակ Պետորսյանը ձերբակալվել, ապա` կալանավորվել էր խուլիգանության մեղադրանքով:



























